2014-ին ավելի քան 19 միլիարդ դրամով աճուրդի հանված և այդպես էլ չվաճառված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը այս տարվա սկզբից կոմունալ պարտքեր է կուտակել։
Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն «Ազատությանը» հայտնեց, որ պարտքերի կուտակման պատճառը պետական բյուջեով նախատեսված ավելի քան 182 միլիոն դրամ տարեկան ֆինանսական հատկացման ուշացումն է։
«Այս պարագայում երեք ամիս՝ մեկ քառորդը տարվա անցել է, և որևիցե վճարում պետության կողմից դեռ չի արվել», - նշեց Ղազարյանը։
Տնօրենը վստահեցնում է՝ պարտքի մնացորդն այժմ այդքան էլ մեծ չէ, ձեռնարկատիրական գործունեության շնորհիվ մի մասը փակել են, մնացել է 15 միլիոն դրամը, ավելին, պնդում է, որ լավ մենեջմենթի շնորհիվ կարողացել են վճարել նաև համալիրի 44 աշխատակիցների աշխատավարձերը։
«Դա նաև լավ գնահատական է Մարզահամերգային համալիրի աշխատանքին, որ 3 ամիս որևէ ֆինանսավորում չլինելով, էնպես չի, որ շատ ծանր վիճակ է ստեղծվել։ Այո, իհարկե, կան պարտքեր, որոնք աշխատանքային են, որոնք կփակվեն կամաց-կամաց, բայց խնդիրը այն է, որ իսկապես համալիրը աշխատում է և աշխատում է բավականին լավ ռեժիմով»,- ընդգծեց տնօրենը։
Մարզահամերգային համալիրի դրամական մուտքերը հիմնականում ապահովում են կոմերցիոն համերգների կազմակերպումը, Կարեն Ղազարյանի խոսքով՝ ինքն ու իր թիմը ցանկանում են աշխատանքն այնպես իրականացնել, որ կայուն մուտքեր լինեն՝ անկախ համերգների առկայությունից. - «Կլինի դա վարձավճարներից, թե կլինի համատեղ ինչ-որ պրոյեկտներից, բայց ունենանք մուտքեր, որը կապահովի մեր առօրյա ծախսերը, որ խնդիրներ չունենանք այլևս»։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ֆինանսական խնդիրները սկսվել են դեռ 2012-ին, երբ հայտնի դարձավ, որ նախկին սեփականատերեր Մուրադյան եղբայրները համալիրի գրավադրմամբ վարկ են վերցրել, վարկը չմարելու, չկայացած աճուրդների և դատական երկարատև գործընթացներից հետո Մարզահամերգային համալիրը փոխանցվեց Պաշտպանության նախարարությանը՝ որպես գույք պարտքի դիմաց: Հետո այն կրկին աճուրդի դրվեց, և 2016-ին Պետգույքի կառավարման կոմիտեն ավելին քան մեկ միլիարդ դրամով գնեց համալիրի գույքը։ Այժմ Մարզահամերգային համալիրը որպես ՊՈԱԿ է գրանցված։
Տնօրեն Ղազարյանն ասում է, որ առաջարկել է համալիրը փակ բաժնետիրական ընկերություն դարձնել, քանի որ ՊՈԱԿ-ի դեպքում ֆինանսական մուտքերն ու ելքերը կազմակերպելը օրենսդրության տեսանկյունից բարդ է:
«Մարզահամերգային համալիրը չի կարող ՊՈԱԿ լինել, որովհետև ինքն իր գործառույթով ոչ մի ձև ՊՈԱԿ չի, ՊՈԱԿ-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, իսկ եթե մենք մեր շահույթով մեզ պահում ենք, և ընդհակառակը՝ խնդիր է դրված, որ այնպես զարգացնենք, որ վաղը էլի պետությունը փող չտա, ուրեմն մենք պետք է շահույթ հետապնդենք և պետք է բիզնես անենք այստեղ այս շենքով, տարածքներով և այլն», - նշեց Ղազարյանը։
Պետգույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ տեղյակ է Կարեն Ղազարյանի առաջարկի մասին. «Այո, իհարկե, մենք միասին քննարկել ենք, և դա նույնպես առաջարկելու ենք կառավարություն փոփոխության համար, որովհետև իսկապես էդպիսի կարիքը կա, և համալիրը ինքնին ՊՈԱԿ չի իր բնույթով»։
Ըստ Նարեկ Բաբայանի՝ պետությունը մինչ այժմ միջոցների նախատեսված փոխանցումները չի արել, որովհետև սխալմունք կար, միջոցառումները, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից, չեն անցկացվել։
«Քննարկել և որոշել ենք, որ էդ միջոցառումների փոփոխություն արվի, որովհետև դրանք իներցիայով եկած և սխալ բան է գրված եղել ֆինանսավորման հետ կապված։ Այսինքն էնտեղ օրինակի համար կան պարտավորություններ, համալիրը որ ունի ինչ-որ միջոցառումներ անելու, որոնք իրականում չի իրականացվելու, և էդտեղ սխալներ կան։ Հիմա, մի խոսքով, հոդվածափոխություն ենք մենք միասին քննարկել, որը ընդունել և ներկայացրել կառավարություն», - նշեց Բաբայանը։
Մարզահամերգային համալիրի տնօրենին խոստացել են միջոցների փոխանցումը սկսել տասն օրից, ՓԲԸ գրանցվելուց հետո էլ նախատեսվում է ռեստորանների և այլ հանգստի օբյեկտների տարածքներ վարձով տալ։