«Վեդիի հետ կապված Առողջապահության տեսչությունը այնտեղ գործողություններ էր իրականացրել: Իսկ Արտաշատի մասով էլ աուդիտի արդյունքում հեռացվեց նաև Արտաշատի տնօրենը», - ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Նախկին տնօրենները՝ Սոկրատ Հախվերդյանը և Մելքոն Տալոյանը դատական հայց են ներկայացրել մարզպետի դեմ՝ պահանջելով չեղյալ ճանաչել իրենց աշխատանքից հեռացնելու որոշումը:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Վեդի բուժկենտրոնում յուրացման հատկանիշներով քրեական գործ է նհարուցված, հետապնդվող այս պահին չկա, գործը նախաքննության փուլում է:
Վեդու հիվանդանոցի նախկին տնօրենը «Ազատության» հետ զրույցում հերքեց, թե որևէ յուրացում կարող էր լինել, ասաց, որ սպասում է իր վերականգնման դատական նիստին, չի հետևում տնօրենի մրցույթին: Նաև ակնարկեց, թե գիտի, որ մարզպետի թեկնածուն է անցնելու: Իսկ թեկնածուները հինգն էին:
Մրցույթը մի քանի փուլով էր՝ թեսթ, հարցազրույց և կենտրոնի զարգացման ծրագիր: Թեկնածուների թվում նաև Վեդիի հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր, նա եզրափակիչ փուլ չհասավ:
Թեսթի ու զրույցի փուլերում ամենաբարձր՝ 100 տոկոսանոց արդյունք ապահովեցին երկու թեկնածուներ՝ երկուսն էլ մարզպետարանի աշխատակիցներ, միայն թե նրանցից Նունե Մարտիկյանը հետո դուրս մնաց: Եզրափակիչ հասան Հայկ Բադալյանը՝ մարզպետարանի առողջապահության բաժնի պետ, Արամայիս Գրիգորյանը՝ վիրաբույժ, և Հովհաննես Զոհրաբյանը՝ ռազմական բժիշկ:
«Վերջնական եթե մենք չենք կարողանում մեկին հաղթող համարել, վերջնական արդյունքը որոշում է մարզպետը», - ասաց փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը:
Ըստ կառավարության սահմանած կարգի, վերջնական ընտրությունը մարզպետն է կատարելու եռօրյա ժամկետում:
Մարզպետ Սարգսյանը չի շտապում․ - «Երբ կամփոփեն, կներկայացնեն ինձ, ես կարող եմ մեկնաբանության տալ այդ առիթով»:
Իսկ Արտաշատի բուժկենտրոնի տնօրենի պաշտոնի համար երկու թեկանածու էր պայքարում: Հաղթեց վերջին ամիսների ժամանակավոր պաշտոնակատարը Հայկ Համբարձումյանը:
«Գրավորը երկուսը հաղթահարել են, բանավորը հաղթահարել է Համբարձումյան Հայկը, և նա դարձել է տնօրեն», - ասաց փոխմարզպետ Նազարեթյանը
Նորընտիր տնօրենը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բուժհաստատությունն ընդունել է 210 միլիոն դրամ պարտքով, կեսը փակել են, մյուս կեսն էլ մինչև տարեվերջ կփակեն: Պնդեց, որ հիվանդանոցն այժմ աշխատում է միայն սպիտակ դրամարկղով ու առանց ատկատների․ - «Նոր ռազմավարության, հաստիքների վերանայման, նոր լիցենզավորված ծառայությունների ներդրման, բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխման, ատկատային մեխանիզմների իսպառ վերացման շնորհիվ, շատ-շատ բաների արդյունքում կարողացանք հասնել»:
Ի դեպ, բուժկենտրոնների տնօրենների մրցութային հանձանժողովի 7 հոգանոց կազմում միայն մեկ հոգի մարզպետարանի աշխատակից չէր, Արարատի հիվանդանոցի տնօրենն էր:
Մարզպետարանում վստահ են, որ ոչինչ չի խանգարում թափանցիկ, արդար մրցույթին: «Մեր աշխատակիցներով էլ ապահովում ենք անկախությունը», - պնդեց մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետ Սուսաննա Խուդավերդյանը: