Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Բեմել» համահայկական մանկապատանեկան ասմունքի առցանց փառատոնը


Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակներում տասնյակ ու տասնյակ հանդիսություններ ու միջոցառումներ են նախատեսված թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում և թե՛ սփյուռքում:

Եվ ահա ևս մեկ նախաձեռնություն, որի շրջանակում, ըստ մտահղացման հեղինակի՝ դերասան, «Բեմել» ընկերության հիմնադիր Տիգրան Գյուլումյանի, Թումանյանի հոբելյանի շնորհիվ հնարավոր կլինի համախմբել աշխարհասփյուռ ողջ հայ հանրությունը:

Մարտի վերջին տասնօրյակում Տիգրան Գյուլումյանի նախաձեռնությամբ bemel.am կայքում սկսվեց Թումանյանի հոբելյանին նվիրված մանկապատանեկան առցանց փառատոնը, որը նմանատիպ առաջին փառատոնն է Հայաստանում:

«Ամենաբազմապիսի փառատոներ կան, բայց առցանց փառատոն, այն էլ մանկապատանեկան, մինչև այժմ չունեինք», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Գյուլումյանը՝ շարունակելով․ - «Իսկ սա նոր նախագիծ է, որը կոչվում է «16 մինուս»: Մի հարթակ ենք ստեղծել, որտեղ բոլոր հետաքրքրությունները երեխաների համար կարողանան այս դաշտում տեսնել: Նաև առցանց փառատոնային իդեան ունեի: Եվրոպայում տարածված է, մեր երկրում չկա․․․ Ուսումնասիրելով նաև եվրոպական այդ կուլտուրան, թե ինչպես է արվում, մի փոքր էլ հարմարեցնելով մեր մենթալիտետին, մեր հասարակությանը՝ ստեղծեցինք կանոնադրություն: Սա հիմքն է: Սկսվեց Թումանյանի 150-ամյակով, քանի որ տարին թումանյանական է՝ առցանց ասմունքի փառատոն»:

Այս փառատոնին կարող են մասնակցել միայն 6-16 տարեկան երեխաները, իսկ հաջորդ փառատոներին «Բեմել» ընկերության հիմնադիրը մտադիր է ընդլայնել մասնակիցների շրջանակը՝ ընդգրկելով 16-ից բարձր տարիքի անձանց նաև:

Իսկ այժմ մինչև ապրիլի 20-ը առցանց այս փառատոնի մասնակիցը դառնալու համար մանուկներն ու պատանիները պիտի 2 րոպեանոց տեսահոլովակ նկարեն իրենց մասնակցությամբ և ուղարկեն փառատոնին․ - «Կլինի հեքիաթ, արձակ, չափածո, քառյակ, պոեմից հատված Թումանյանից, ասմունքում են, ուղարկում են մեր կայքին, մենք տեղադրում ենք մեր ֆեյսբուքյան էջին: Ունենք ժյուրի, որի նախագահն է Լալա Մնացականյանը, անդամներն են դերասան Լևոն Հարությունյանը, թատերական ինստիտուտի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, դերասան Սամվել Թոփալյանը, Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղազարյանը և ես: Երկու մրցանակ է լինում: Փակ դիտումներով ժյուրին կհայտարարի: Եվ լինում է առցանց, հասարակության կողմից հավանություններով մրցանակ: Ստեղծեցինք մրցանակային բյուջե, ունենք հետաքրքիր մրցանակներ՝ նոութբուքներ, սմարթֆոններ, պյանշետներ, ուղեգրեր մանկական ճամբարներ: Եզրափակիչ անցնող բոլոր երեխաները, նախատեսվում է հարյուրից ավելի, բոլորը կունենան Թումանյանի երկու-երեք հատոր գրքեր»:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված այս առցանց մանկապատանեկան փառատոնը կամփոփվի գալա համերգով, որտեղ էլ կազդարարվեն մրցանակակիրների անունները:

Ուշագրավ է նաև, որ երրորդ փուլ անցած բոլոր մասնակիցները, փառատոնի հիմնադրի գլխավորությամբ, հաջորդ օրը կուղևորվեն Թումանյանի ծննդավայրը՝ Դսեղ՝, որտեղ մեկ ամբողջ օր կշրջելն ամենայն հայոց բանաստեղծի հետքերով և կվայելեն նրա ծննդավայրի ողջ գեղեցկությունը:

Գյուլումյանը հույս ունի, որ այս առցանց փառատոնին իրենց որոշակի մասնակցությունը կունենան նաև սփյուռքի 6-16 տարեկան երեխաները, ովքեր մրցանակակիր դառնալու դեպքում, կայցելեն հայրենիք և կծանոթանան Թումանյանի հարազատ բնօրրանին՝ Լոռվա բնաշխարհին:

«Շատ հետաքրքիր անակնկալներ կան այնտեղ: Օդապարիկներով բարձրանալու են Թումանյանի դրոշով, նկարով․․․ Եթե կայացնենք փառատոնը, կարողանալու ենք ինտեգրվել եվրոպական մրցույթ-փառատոների շարքին, և այստեղ հաղթող երեխաները կարողանում են արդեն մասնակցել եվրոպական ընտանիքի կողմից անցկացվող փառատոներին, որտեղ բավական լուրջ մրցանակներ կան՝ հրավերներ, ուսում», - տեղեկացրեց Տիգրան Գյուլումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG