Պաշտոնական Վաշինգտոնը կոշտ քայլերի է դիմում` փորձելով ստիպել Անկարային հրաժարվել ռուսական արտադրության С-400 (S-400) զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից:
Reuters գործակալության տեղեկություններով՝ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը դադարեցրել է ամերիկյան նորագույն F-35 ռազմական ինքնաթիռների` Թուրքիային մատակարարման գործընթացի շրջանակներում հարակից սարքավորումների առաքումը:
Գործակալության տեղեկություններով՝ խոսքը մի շարք կարևոր համակարգերի մասին է, որոնց բացակայությունը F-35 օդանավերի սպասարկումը Թուրքիայի կողմից գործնականում անհնարին է դարձնում:
Խնդրին քաջածանոթ անանուն մի շարք աղբյուրներ Reuters-ին փոխանցել են, որ խոսքը օդաչուների վարժանքների համար նախատեսված, այսպես կոչված, հատուկ սիմուլյատորների մասին է, որոնց օգնությամբ թուրք օդաչուները պետք է սովորեն կառավարել F-35-ները:
Նորագույն տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված առաջին երկու F-35 ինքնաթիռները Թուրքիային հանձնելու որոշումը կայացվել էր դեռ նախորդ տարվա հունիսին: Այդ օդանավերը, սակայն, այժմ գտնվում են ԱՄՆ Արիզոնա նահանգում, որտեղ դրանցով վարժանքներ են իրականացնում թուրք օդաչուները:
Այս պահին, փաստորեն, թուրքական բանակը դեռ ի վիճակի չէ ինքնուրույնաբար շահագործել կամ տնօրինել այդ օդանավերը:
Պենտագոնի տեղեկություններով՝ օդանավերը Թուրքիա պետք է առաքվեն նոյեմբեր ամսից ոչ շուտ:
Պենտագոնում՝ Reuters-ի հարցմանն ի պատասխան, հաստատել են, որ թուրքական կողմի համար նախատեսված սարքավորումների առաքումն իրոք դադարեցվել է:
«Սպասելով Թուրքիայի` S-400 համակարգերի ձեռքբերումից ձեռնպահ մնալու վերաբերյալ հստակ որոշմանը, մենք դադարեցնում ենք F-35 օդանավերի օպերատիվ կարողություններին առնչվող բոլոր մատակարարումներն ու գործողությունները», - Reuters-ին փոխանցած գրավոր հայտարարության մեջ նշել է Պենտագոնի խոսնակ փոխգնդապետ Մայք Էնդրյուսը:
Ամերիկացի լրագրողներին նաև հաջողվել է պարզել, որ Պենտագնում որոշել են սառեցնել F-35-ի վաճառքն ուղեկցող մյուս սարքավորումների մատակարարումները, որոնք ծրագրված էին առաջիկա ամիսներին:
Ամերիկյան պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների նման կոշտ դիրքորոշումը բացատրվում է այն մտավախությամբ, որ ռուսական արտադրության S-400 համակարգերը կարող են սպառնալ F-35 կործանիչների անվտանգությանը:
Reuters-ի լրագրողները պնդում են, որ ամերիկացի զինվորականները վախենում են, թե Թուրքիայի տրամադրության տակ գտնվող ռուսական հրթիռային համակարգերը կարող են վերծանել, այսպես կոչված, «Սթելզ» տեխնոլոգիաները, որոնց հիման վրա են ստեղծվել Անկարային մատակարարվող F-35 ինքնաթիռները: «Սթելզ» տեխնոլոգիան ռազմական օդանավերը գրեթե անտեսանելի է դարձնում թշնամական ռադարների համար:
Անկարայում, սակայն, ամերիկյան ճնշման առջև չեն ընկրկում` պնդելով, որ կատարելու են Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրի դրույթները: Այդ մասին անցած շաբաթավերջին Անթալիայում՝ իր ռուս պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին, հայտարարում էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագիր ենք կնքել և պատրաստվում ենք հարգել այդ համաձայնագրի դրույթները: Ի վերջո, հստակ օրենքներ գոյություն ունեն, որոնց համաձայն, պարզապես չես կարող գործընթացի կեսից ասել, որ չես ցանկանում ձեռք բերել [S-400 համակարգերը]», - նշում էր թուրքական արտաքին գործերի նախարարը:
Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունն, ի դեպ, Թուրքիայի իշխանություններին որոշակի լուծումներ ևս առաջարկում է. Անկարայի հետ բանակցություններում ներգրավված Reuters-ի աղբյուրները պնդում են, որ ամերիկյան կողմը խոստացել է Թուրքիային վաճառել ռուսական սպառազինությանն իր կարողություններով չզիջող Patriot զենթիային համակարգերը, այն էլ զգալիորեն նվազեցված գնով:
«Թուրքական կողմին այս նախաձեռնությունը հետաքրքրել է, սակայն, Անկարայում չեն պատրաստվում ընդունել ամերիկացիների առաջարկը S-400 համակարգերի ձեռքբերումից հրաժարվելու գնով», - գրում են ամերիկացի լրագրողները: