Վաշինգտոնը ծրագրում է ապագայում լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ: Այդ մասին ասել է մի բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյա, ով խնդրել է չհրապարակել իր անունը:
Նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարվա մայիսին է հայտարարել Իրանի և միջազգային գերտերությունների 2015 թվականի միջուկային պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալու և սառեցված պատժամիջոցները վերականգնելու ու խստացնելու մասին:
«Մենք ցանկանում ենք գործարարներին հասկացնել, որ Իրանի հետ համագործակցությունը սարսափելի գաղափար է», - ասել է անանուն պաշտոնյան:
2015 թվականի պայմանագիրն Իրանի հետ կնքել են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան:
Այդ պայմանագրով Իրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային հետազոտություններն, իսկ գերտերությունները պարտավորվել են սառեցնել պատժամիջոցները և վերականգնել տնտեսական համագործակցությունը:
Դա չափազանց կարևոր է տնտեսական ծանր ճգնաժամի մեջ գտնվող Իրանի համար:
Ռուսաստանը, Չինաստանը և Եվրամիությունը հայտնել են, որ մտադիր չեն դուրս գալ 2015 թվականի պայմանագրից: