Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում էին զոհվածների հարազատներն ու բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Նախագահ Արմեն Սարգսյանը Արցախում էր։
Վարչապետը լրագրողների հարցերին կարճ պատասխանեց: Նախ ապրիլյան պատերազմից քաղած դասերի մասին․ - «Ես ասել եմ նախկինում, որ այսօր էլ այդ խնդիրը իմ օրակարգում է և կառավարության օրակարգում է, որ մենք պետք է խորությամբ և լրջությամբ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, և հետևություններ անել»:
Վարչապետն անդրադարձավ նաև Պաշտպանության նախարարի աղմկահարույց հայտարարությանը: Դավիթ Տոնոյանը օրերս Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին խոսելիս ասել էր հետեւյալը․ - «Տարածքներ խաղաղության դիմաց ձևաչափը ես այսօր վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց»։
Հարցին, թե արդյոք Հայաստանը փոխում է հռետորաբանությունը, վարչապետը պատասխանեց․ - «Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկը անիմաստ է: Որովհետև, ճիշտն ասած, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի Պաշտպանության նախարարի պաշտոնից։ Ի՞նչ է ասել պաշտպանության նախարարը: Ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում։ Եթե հանկարծ Պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է Պաշտպանության նախարար չաշխատի։ Սա որևէ կերպ ստվեր չի գցում խաղաղ կարգավորման գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը»:
Հարցին՝ այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ էր իր հետ, Փաշինյանը պատասխանեց․ - «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»:
Նիկոլ Փաշինյանը ուղիղ մեկ տարի առաջ, երբ ընդդիմադիր պատգամավոր էր քառօրյա պատերազմի մեղավորներին անդրադառնալիս՝ պնդում էր, որ ապրիլյան պատերազմը պատշաճ քննության չի արժանացել, և դա լուրջ խնդիր է: Ըստ նրա, ռազմական հետախուզությունը ամենօրյա ռեժիմով ահազանգեր հնչեցրել է, սակայն դրանք պատշաճ արձագանքի չի արժանացրել զինվորական և քաղաքական իշխանությունը:
«Ազատության» հարցին, թե արդյոք մտադիր է գործող իշխանությունը քննություն սկսել ապրիլյան պատերազմի գործով, վարչապետը չպատասխանեց:
Հարցին արձագանքեց իշխանական պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․ - «Եվ այստեղ իսկապես անելիք կա, որպեսզի հասկանանք, թե ապրիլին տեղի ունեցածին մենք ինչքանով էինք պատրաստ: Եվ եթե պատրաստ չէինք, եթե կան մեղավորներ, մենք դրանից դասեր պետք է քաղենք, պատասխանատվության պետք է ենթարկվեն: Եթե հիշում եք որոշ պաշտոնյաներ ազատվեցին պաշտոններից, բայց այստեղ ապրիլը միայն պաշտոնից ազատել կամ նշանակելու խնդիր չէ: Նախ մեզ համար պետք հասկանանք, թե որտեղ ենք մենք թերացել, և դա միայն մեր ներքին խնդիրը կարող է չլինի: Պետք է մենք հասկանանք՝ այդպիսի հնարավորություն հակառակորդը ո՞նց ունեցավ: Որովհետև այդտեղ արտաքին քաղաքական գործոնը նաև պետք է տեսանելի լինի մեր համար, որպեսզի մեր հետագա բանակցային գործընթացում մենք ճիշտ հասկանանք, թե ինչպիսի շեշտադրումներով մենք պետք է նստենք բանակցային սեղանին»:
Եռաբլուրում էին ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի, Գրիգոր Հարությունյանի, Ադամ Սահակյանի և Բենիամին Եղոյանի ծնողներին:
Բենիամինի հայրը՝ Ներսես Եղոյանը, նախկին զինվորական է: Որդու մասին նրա պատմությունը կիսատ մնաց, հուզվեց․ - «Ապրիլի 3-ին Բենոս իրա էկիպաժով մտնում են թուրքերին խփում են․․․ չեն թողում, որ թուրքերի տոչկեքը աշխատեն: Ու հետ են գալիս, ապահով տեղ են կանգնում: Էդ անտեր իսրայելական «Գեյզեր» զենքով խփում են․․․ Իրեք ջահել-ջիվան տղեք՝ դիլիջանցի, գյումրեցի, Բենոս․․․»
Գրիգոր Հարությունյանի մայրն ասաց․ - «Գրիգորը փոքրուց եղել ա շատ խելացի, ու փոքրուց իրեն մեջ եղել ա զինվորական հոգի: Ինքը արդեն փոքր տարիքից գիտեր զինվորը ինչ ա: Ու էդպես էլ շարժվում էր թե՛ դպրոցում, թե՛ իրա ընկերների միջավայրում»:
«Արմենակը մեծատառով մարդ․․․ արդար, բարեխիղճ: Նոր էստեղ էր թոռնիկս, Արմենակից հետո ա ծնվել», - ասաց Արմենակ Ուրֆանյանի մայրը:
Իսկ Ադամ Սահակյանի մայրը հավալեց․ - «Տղաները շատ ավելին էին հասկանում, քան գուցե մենք: Այնպես որ իզուր չէ, որ Ադամը և մյուսները սրբացած հերոսներ են համարվում»: