Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հաշվել քվեաթերթիկները, սակայն գրեթե բացառվում է ընդհանուր պատկերի սկզբունքային փոփոխություն: Ընտրություններին մասնակցած 39 թեկնածուներից և ոչ մեկին չի հաջողվել հավաքել քվեների ավելի քան 50 տոկոսը: Ապրիլի 21-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ:
Եվրամայդանից հետո անցկացված երկրորդ նախագահական ընտրությունների առաջատարը կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին է: Օրենսդիր և գործադիր մարմիններում երբեք որևէ պաշտոն չզբաղեցրած 41-ամյա դերասանը հավաքել է քվեների մոտ 30 տոկոսը: Երկրորդ փուլում նրա մրցակիցը գործող նախագահ Պետրո Պորոշենկոն է, ում օգտին է քվեարկել ընտրողների ավելի քան 16 տոկոսը: Երրորդ հորիզոնականում հայտնված երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն չի ընդունում այս արդյունքները:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը, մինչդեռ, հայտարարել է, որ քվեարկությունն անցել է առանց լուրջ խախտումների, որոշ ընտրատեղամասերում միջադեպեր եղել են, այդ թվում՝ հրդեհ, սակայն, ըստ գերատեսչության, համակարգային խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների ընթացքի վրա, չեն գրանցվել:
Ընտրությունների ընթացքի վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական են նաև միջազգային դիտորդների նախնական գնահատականները` էական խախտումներ չեն եղել, ընտրություններն անցել են թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, Կիևից հայտարարում են միջազգային դիտորդները:
Քվեարկության առաջին նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Պորոշենկոն հայտարարել է, որ իր օգտին քվեարկողները օգնել են տապալելու Մոսկվայի պլանները:
«Մենք՝ ուկրաինացիներս, տապալել ենք առաջին փուլի ռուսաստանյան սցենարը, քանի որ նրանք հաստատ չէին ցանկանում Պորոշենկոյին տեսնել երկրորդ փուլում: Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, ռուսաստանցի ընկերներ և ոչ ընկերներ: Ուկրաինացիները նույն ձևով կտապալեն ձեր սցենարը նաև երկրորդ փուլում», - հայտարարել է Պետրո Պորոշենկոն՝ իր մրցակցին անվանելով ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու խամաճիկ:
«Ուկրաինայի նախագահը բանակցություններ է վարելու Վլադիմիր Պուտինի, այլ ոչ թե Մաքսիմ Գալկինի հետ», - կրկին հիշեցրել է երկրի գործող նախագահը:
«Շատ հումոր, քիչ քաղաքականություն» կարգախոսի շնորհիվ կոռուպցիայից, պատերազմից և երկու հեղափոխություններից հոգնած միլիոնավոր ուկրաինացիներին հմայած Զելենսկին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել աջակիցներին և կոչ արել չթուլանալ: «Սա ընդամենը սկիզբն է, չենք թուլանում», - երեկ հայտարարում էր շոումենը, ով քարոզարշավի ընթացքում պատերազմող Ուկրաինայի քաղաքացիներին կոչ էր անում շատ չլրջացնել քվեարկությունը:
Անգամ քարոզարշավների ընթացքում նախագահի թեկնածուն խուսափում էր քաղաքական ելույթներից՝ նախապատվությունը տալով իր ավանդական խաղացանկին և բավարարվելով «ամեն ինչ լավ կլինի» նախընտրական խոստումով:
Զելենսկին չի հստակեցրել նաև իր կասկածելի կապերը մեդիամագնատ Կոլոմոյսկու հետ, նաև թաքցրել է փաստը, որ իր նախագծերի դիմաց պատերազմի ժամանակ եկամուտներ է ստացել Ռուսաստանից, իսկ անցած հինգշաբթի հայտնի դարձավ, որ դերասանը 15-սենյականոց շքեղ առանձնատուն ունի իտալական հանգստյան գոտիներից մեկում` Կրեմլի հետ սերտ կապերով հայտնի ռուսաստանցի օլիգարխներ Ռոման Աբրամովիչի և Օլեգ Դերիպասկայի հարևանությամբ:
Թեև Պորոշենկոն, ինչպես փաստում են փորձագետները, չի կատարել առաջին նախընտրական խոստումները՝ մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի հարցով, որոշ էական փոփոխություններ, այդուհանդերձ, իրականացրել է՝ բանակաշինության, եվրոպական ուղին շարունակելու հարցերում:
Ընտրությունների առաջին փուլին մասնակցությունը կազմել է ավելի քան 63 տոկոս, այս ցուցանիշը բարձր է նախորդ՝ 2014 թվականի նախագահական ընտրությունների ցուցանիշից, որը շուրջ 60 տոկոս էր: Նախօրեին տեղի ունեցած քվեարկության ընթացքին հետևել է շուրջ 16 երկրներից և 15 կազմակերպությունների 2020 դիտորդ: Պաշտոնական Կիևը արգելել է ռուսաստանցի դիտորդներին հետևել ընտրություններին: