Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» նոր նախագահ է ընտրվել Անդրանիկ Գրիգորյանը


«Ժառանգության» նորընտիր նախագահ Անդրանիկ Գրիգորյան, Երևան, 31-ը մարտի, 2019թ․
«Ժառանգության» նորընտիր նախագահ Անդրանիկ Գրիգորյան, Երևան, 31-ը մարտի, 2019թ․

Անդրանիկ Գրիգորյանը ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության նոր նախագահ, Նարինե Դիլբարյանը՝ փոխնախագահ, Վանիկ Ալեքսանյանը՝ քարտուղար: Ընտրությունները կայացել են երեկ կուսակցության նոր վարչության անդրանիկ նիստում:

Կիրակի օրը ավելի վաղ տեղի է ունեցել «Ժառանգության» հերթական՝ 12-րդ համագումարը, որին մասնակցել են 112 պատվիրակներ:

Կուսակցության գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի կողմից համագումարի մասնակիցներին ուղղված ողջույնի ու բարեմաղթանքի տեսաուղերձի դիտումից հետո ցուցադրվել է «Ժառանգության» գործունեության մասին պատմող տեսահոլովակ:

Կուսակցության հիմնադիր, խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծել է հայաստանյան նոր իրողություններով պայմանավորված փոփոխությունները, դրանց ընձեռած քաղաքական, քաղաքացիական, ներկուսակցական և կազմակերպչական գործունեության հնարավորությունները, ինչպես նաև այն վտանգներն ու մարտահրավերները, որոնք դեռևս ծառացած են մեր երիտասարդ պետականության առջև, ասված է հաղորդագրությունում:

Հովսեփ Խուրշուդյանը և Անդրանիկ Գրիգորյանը համագումարի դատին են ներկայացրել ծրագրային ու կանոնադրական փոփոխությունների նախագծերը, որոնք, ըստ զեկուցողների, պայմանավորված են ներքաղաքական ու արտաքին քաղաքական օրակարգերում տեղի ունեցած հասարակական-քաղաքական և իրավական փոփոխություններով (ԵԺԿ անդամակցություն, անցում խորհրդարանական կառավարման ձևին և այլն): Կուսակցության համագումարը հավանություն է տվել ներկայացրած ծրագրային ու կանոնադրական փոփոխությունների փաթեթին:

Միաձայն ընդունվել է համագումարի բանաձևը, որի արձանագրմամբ՝ Հայաստանում տեղի է ունեցել ձևով, բովանդակությամբ և ընթացակարգով ժողովրդավարական հեղափոխություն, սակայն դեռևս չի հաջողել իրական ժողովրդավարության տանող իրավաքաղաքական անհրաժեշտ փաթեթի ամրագրումը: Շեշտվել են անցյալից եկող գերկուսկացականացված իշխանության նյութականացման հնարավոր վտանգները, ինչպես նաև որոշվել է շարունակել աշխատանքը հանուն իրապես ազատ, անկախ ու արդար Հայաստանի քաղաքակրթապես կայացման:

Նոր վարչության կազմում ընտրվել են տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Ռշտուն Մարտիրոսյանը, Տաթևիկ Գամաղելյանը, Ստեփան Վարդանյանը և Նուբար Հակոբյանը, մանկավարժներ Անդրանիկ Գրիգորյանը, Մարիաննա Ոսկանյանը, Հայկ Գասպարյանը, Մերի Մաթևոսյանը և Արեգ Մկրտչյանը, բանասեր-լեզվաբան Նարինե Դիլբարյանը, ճարտարապետ Աշոտ Սաժումյանը, մանկաբույժ Հասմիկ Ավետիսյանը, լրագրող Վանիկ Ալեքսանյանը և ճարտարագետ Արմենակ Ստեփանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG