«Ես կարող էի լինել Մարտի 1-ի 11-րդ զոհը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով տուժող Հովհաննես Ասատրյանը։
Հովհաննես Ասատրյանը 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ ձկան խանութի մոտակայքում է վիրավորվել, երկու անգամ՝ «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոցից, երրորդ կրակոցը ստացել է հրազենից։
«Կամաց-կամաց բարձրացա ձկան խանութի մոտ, ասի տենամ ինչ է կատարվում, բարձրանալուց միանգամից, էդ խաչմերուկը կա, այ ընդեղ կրակեցին։ Փորի մասում եմ ստացել երկու հատ «Չերյոմուխա 7»-ով ու որ շրջվել եմ, մի հատ 9 միլիմետր տրամաչափի զենքով են կրակել ողնաշարիս կողքը», - նշեց Ասատրյանը։
Ցուցարարների օգնությամբ՝ պատահական մեքենայով շտապ տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ էլ մի քանի անգամ վիրահատվել է։
«Մտա շենքի մեջ, մտա մի հատ պադյեզդ, ասի մի հատ նայեմ ինչ է կատարվում հետս, որ արձակեցի գոտիս, արդեն սաղ աղիները դուրս էր թափել փորիցս։ Ընդեղի ժողովուրդը հասցրեցին ջուր-մուր, կապեցին, ու ես 45 րոպե հետո հասել եմ «Էրեբունի» հիվանդանոց։ Երեք ամիս հետո դուրս եմ եկել», - ասաց Ասատրյանը։
Տուժողը այժմ ապրում է Շվեդիայում։ Հայաստանից տեղափոխվել է 2011 թվականին առողջական բազմաթիվ խնդիրներով։ Ասում է՝ ֆիզիկական աշխատանքի ընդունակ չէ մինչ օրս։
«Գլխավոր տեղն է վնասված ոտիս, ինքը էլ չի դզվի, պրծավ, մինչև կյանքի վերջ էդ է լինելու։ Ինքը քրոնիկական ցավերով, դեղերով...., ամեն օր դեղերս եմ խմում, որ կարողանամ մի քիչ քայլեմ, թե չէ առողջականս լավ չի, հեչ լավ չի։ 11 տարի նույն ցավերով ապրում եմ», - ընդգծեց Ասատրյանը։
Մարտի 1-ին ծանր վիրավորվելու մասին առաջին անգամ է խոսում, լռել է՝ մտածելով, որ իր բարձրաձայնելը ոչինչ չի փոխի։ Ասում է՝ հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործի բացահայտման ընթացքը փոխեց իր պատկերացումները։
«Հիմա բան է փոխվել, հիմա կարելի է արդեն խոսել։ Կրակել են, չէ՞, հետևիցս, էդ զենքը պիտի իմանան, չէ,՞ ով է կրակել, լավ, «Չերյոմուխա 7»-ը չիմացան, բայց էդ 9-միլիմետրանոցը պիտի իմանան, չէ՞։ Ես պիտի տենամ էդ կրակողին, չէ՞, վերջ ի վերջո երեսին պիտի նայեմ, չէ՞, ես իրան պիտի ասեմ՝ ինչի՞ համար։ Ես ընդեղ մեկին ո՛չ վնասել եմ, ո՛չ մեկին վատ բառ եմ ասել, ինձ կանգնած տեղը կրակել են», - նշեց Ասատրյանը։
Որպես տուժող հարցաքննվել է դեռևս 2008-ին, չի մոռանում Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, այժմ հետախուզվող Վահագն Հարությունյանին։
«Վահագն Հարությունյանն էր քննիչը, գլխավոր քննիչն էր ինչքան գիտեմ։ Իրա մոտ էին տարել ինձ, սպառնալով, հետս շատ փիս ձևի խոսալով, սպառնալիքներով, բաներով, յանիմ «քեզ հանգիստ պահի»։ Ես ուզում էի բողոքեի, բայց ո՞ւմ դեմ բողոքես, ի՞նչ անես, զգուշացրել են արդեն, էլ ի՞նչ բողոքես», - պատմեց Հովհաննես Ասատրյանը։
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին և վիրավորներին փոխհատուցում տրամադրելու իշխանական պատգամավորների նախաձեռնության մասին լսել է, փոխհատուցման հարցերով, ասում է, փաստաբանը կզբաղվի։ Իր պահանջը Մարտի 1-ի հանցագործության ամբողջական բացահայտումն է։