Մատչելիության հղումներ

Ձերբակալված դատավոր Հեբոյանը անօրինական է որակում տեղի ունեցածը. պաշտպան


100-դոլարանոց թղթադրամներ, արխիվ
100-դոլարանոց թղթադրամներ, արխիվ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից ձերբակալված դատավոր Գագիկ Հեբոյանը անօրինական է որակում տեղի ունեցածը, «Ազատությանը» փոխանցեց Հեբոյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը։

Առանձնապես խոշոր չափի գումար ստանալու մեջ մեղադրվող Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտպանն ասում է, որ փաստաբան Վահագն Դանիելյանը պարզապես իր պարտքն է վերադարձրել դատավորին։

«Ընդամենը փաստաբանը իրեն փոխանցել է Նոր տարուց առաջ՝ դեկտեմբեր ամսին փոխառությամբ իրենից վերցրած գումարի մի մասը։ Փոխառությամբ տվել է 3000 դոլար, իրեն էդ օրը տվել է 2 հազար 400։ Փաստաբանը էդ օրը վերադարձրել է իր գումարի մի մասը», - նշեց Գրիգորյանը։

Դատավորի փաստաբանն ասաց, որ փաստաբան Վահագն Դանիելյանն այժմ որոնվում է իրավապահների կողմից։

Գրիգորյանի փոխանցմամբ՝ քննիչը դատավոր Հեբոյանին հարց է տվել, թե ԱԱԾ-ի կողմից մշակված գումարները ինչպե՞ս հայտնվեցին իր մոտ, Հեբոյանը արձագանքել է. «Ես այդ հարցին չեմ կարա պատասխանեմ, մարդը իր պարտքն է վերադարձրել։ Այ Վահագին էդ հարցը տվեք, որ ես էլ հասկանամ էդ՝ եթե կաշառքով մշակված գումար է եղել, ինչի՞ է Վահագը ինձ տվել»:

«Ազատության» դիտարկմանը, որ ԱԱԾ-ի կողմից հատուկ գործողություն է եղել, որ այդ գումարը տրվի դատավորին և նրան ձերբակալեն, Կրոմվել Գրիգորյանն արձագանքեց. «Դե իրենց ցանկությունը դա է եղել։ Չի բացառվում, որ փաստաբանը խարդախությամբ գումարը վերցրած լինի տվյալ անձից և դրանով փորձի պարտքը փակի։ Ես չգիտեմ, դա կասի Վահագն Դանիելյանը, թե էդ գումարը ոնց է հայտնվել իր մոտ»։

Փաստաբանն ասաց, որ գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանավորելու դատավոր Հեբոյանին։

Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշել է կասեցնել դատավոր Գագիկ Հեբոյանի լիազորությունները մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։

Հեբոյանը ձերբակալվել է մարտի 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, ինչից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է: ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինին օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG