«Ծիծեռնակ» ամսագրի խմբագիրը վրդովված է՝ 90 տարի անխափան տպվել են պետության հաշվին և ահա տհաճ նորություն. մրցույթից դուրս են մնացել:
«Մենք 90 տարին ենք այս տարի նշում, ի՞նչ է՝ փակվե՞նք, չունենա՞նք մանկական մամուլ», ֊ հարցնում է Անուշ Վարդանյանը։
«Ծիծեռնակ», «Աղբյուր» ամսագրերը ու «Կանչ» թերթը մոտ 100 տարի ֆինանսավորվել են որպես մանկապատանեկան մամուլի միջոցներ։ Այս տարի առաջին անգամ բյուջեով նախատեսված գումարը բաշխելու համար Կրթության նախարարությունը մրցույթ է անցկացրել, մերժվել են բոլոր երեքն էլ։
«7 միլիոնը ավելի քիչ է 8 միլիոնից. այս հանձնաժողովի արած գործը դա է։ Մեխանիկորեն ընտրել են, ով ավելի քիչ փողով կանի», ֊ փաստում է «Աղբյուր» ամսագրի խմբագիր Թադևոս Տոնոյանը։
Կրթության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ գնման գործընթացը դեռ չի ավարտվել, բայց պարզ է՝ առաջնությունը ավելի ցածր գնային առաջարկ ներկայացրած ամսագրերինն է։
«Միջին ավագ դպրոցների համար անցել են «Մարի» հրատարակչությունը և «Ոսկե խատուտիկ» հրատարակչությունը, իսկ նախադպրոցական և կրտսեր դպրոցականների համար նախատեսված ամսագրի տպագրման համար անցել է «Լուսապսակ» խմբագրությունը», ֊ ասում է ԿԳՆ արտաուսումնական դաստիարակության վարչության գլխավոր մասնագետ Արթուր Կարապետյանը։
Այժմ «Աղբյուր», նախկինում՝ «Պիոներ» ամսագրի խմբագիրն ասում է՝ մրցույթի երբեք չեն մասնակցել և պարզ է, որ փորձված կոմերցիոն, համցանցից նյութեր վերատպող հրատարակչություններն են հաղթել։
«Մարդիկ եփված են, կոփված են, քոքված են էդ ասպարեզում և հիմա էդ փողը տարել են», ֊ ասում է «Աղբյուր»֊ի խմբագիր Թադևոս Տոնոյանը։
Ամենացածր՝ մոտ կրկնակի էժան գնային առաջարկ է ներկայացրել «Մարի» հրատարակչոււթյունը։ Կրպակներում «Մարիի» բազմաթիվ ամսագրեր կան՝ մեկում մանկական խաչբառեր են, մյուսում պահածոներ են պատրաստում, ձեռագործ ուսուցանում, աստղերի անձնական անցուդարձին անդրադառնում։ Հրատարակչության տնօրեն Մարիամ Մելքոնյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ 30 անուն ամսագիր ունեն՝ և այդ ամենը հեղինակող 7 աշխատակից։ Մարիամ Մելքոնյանն ասաց՝ երեխաների համար տպվող բովանդակությանը մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում, իսկ մանկապատանեկան ավանդական մամուլի ներկայացուցիչները նույնիսկ համեմատության համար են վիրավորվում։
«Համարյա 100 տարի եղել ենք դպրոցի կողքին, եղել ենք դպրոցի, ուսուցչի օգնականը», ֊ ասում է «Կանչ»֊ի խմբագիր Վարուժան Մնացականյան։
«Ծիծեռնակը» «Մարիի» հետ ո՞նց համեմատենք, դա ո՞նց ասեմ՝ ոնց որ կարտոֆիլի համեմատություն լինի... Մերը դասական մամուլ է, հասկանո՞ւմ եք՝ դասական։ Մենք ինտերնետից չենք քաշում, մենք ունենք նկարիչ, խմբագրական կոլեգիա», ֊ հավելում է «Ծիծեռնակի» խմբագիրը։
Խորհրդային տարիներին 100 հազար տպաքանակ ուներ «Ծիծեռնակը», այժմ՝ երկու հազար։ Խմբագիրն ասում է՝ իրացումը միշտ բարդ է, որովհետև՝ «արգելված է դպրոցում ամսագիր վաճառել»։
Այս տարի նախարարությունը որոշել է անվճար բաժանել, և իրենք այդ լավ գործում չկան. երեք խմբագիրներն էլ չեն խնդրում՝ պահանջում են «Ծիծեռնակը», «Կանչը», «Աղբյուրը» պետք է ֆինանսավորում ստանան. նամակ են պատրաստել խորհրդարանի նախագահին։ Թադևոս Տոնոյանն ասում է՝ 90 թվականին Գերագույն խորհրդի նախաձեռնությամբ են Կոմսոմոլի այս երեք օրգանները պետության հովանու տակ անցել։
Խմբագիրները շեշտում են՝ մրցույթից դուրս է մնացել նաև «Մանանա» կրթամշակութային կենտրոնի ամսագիրը, որ իրենց կարծիքով հրաշալի բովանդակություն ունի։ «Մանանա֊հրատ» ընկերության տնօրեն Արա Բաղդասարյանը նշեց՝ իրենք էլ մերժվել են գնային առաջարկի պատճառով. ֊ «Դուք ինքներդ լավ գիտեք մամուլը ինչ տարատեսակներ է լինում և ինչ մամուլներ կարող են նվազագույն գին առաջարկել»։
Կրթության նախարարությունից պնդում են՝ կան հստակ չափորոշիչներ, թե երեխաների համար տպվող մամուլը ինչ խնդիրներ պիտի լուծի, մրցույթի մասնակիցները դա գիտեն։ Իսկ մերժվածները այսօրվանից են ահազանգում՝ ստիպված են փակվել։
«Ծիծեռնակի» խմբագիրը ավելի մարտական է՝ ասաց չի թողնելու, որ ամեն ինչ փողով որոշվի. ֊ «Խորհրդային ժամանակ ուզում էին բալերինա լինել, տիեզերագնաց... իսկ հիմա ուզում են մենակ փող֊փող»։