Մատչելիության հղումներ

Խորհրդարանն ընդունեց «ՍԴ մասին» և «ԱԺ կանոնակարգ» օրենքներում փոփոխությունների փաթեթը


Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր խորհրդարանում, երբ Ազգային ժողովը, ի վերջո քվորում ապահովելով, երկրորդ ընթերցմամբ քննարկում էր «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում և «Ազգային ժողովի կանոնակարգում» առաջարկվող փոփոխությունները, կրկին հայտարարեց, որ Սահմանադրությունը չի արգելում մի քանի անգամ նույն անձի առաջադրումը որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու:

Արդարադատության նախարարը պնդեց․ - «Նորը վերաբերում է ոչ թե անձին, անձնավորությանը, այլ վերաբերում է գործընթացին: Այսինքն, նույն սուբյեկտը կարող է ներկայացնել նույն անձին: Սա է այն բովանդակությունը, որը պարունակում է «նոր թեկնածու» եզրույթը»:

Ուշագրավ է, որ խորհրդարանում երկօրյա բուռն քննարկումների առարկա է դարձել օրինագծի մի ձևակերպում, որն օրենսդրական բուն փոփոխություններին չի վերաբերում: Խորհրդարան ներկայացված օրինագիծը միտված է օրենսդրությունը Սահմանադրական դատարանի որոշմանը համապատասխանեցնելուն: Խորհրդարանում, սակայն, վեճի առարկա դարձավ Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու դեպքում թեկնածու առաջադրելու կարգի սահմանումը:

Օրինագծի համաձայն, «եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու»:

Թե ինչ է նշանակում «նոր թեկնածու» արտահայտությունը, բազմաթիվ տարբեր մեկնաբանություններ հնչեցին: Կարո՞ղ է արդյոք նույն անձը նույն մարմնի կողմից նույն գումարման Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրվել մի քանի անգամ, թե՞ ոչ: Այս հարցին ի վերջո կառավարությունն ու պատգամավորները տարբեր մեկնաբանություններ տվեցին:

Հարցը կարևոր է, քանի որ առաջիկայում սպասվում է Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն: Հանրապետության նախագահը առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Եթե, օրինակ, նրա ընտրությունը տապալվի, կարո՞ղ նախագահը դարձյալ նրան առաջադրել, թե՞ ոչ: Կարո՞ղ է արդյոք այդ դեպքում նախագահն առաջադրել, ասենք, փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ում անցած գումարման Ազգային ժողովը չընտրեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

«Բարգավաճ Հայաստանից» հարցեր հնչեցին․ - «Էս պահին առաջադրված թեկնածուն նոր է համարվում, և էս պահին օրենքի խախտում չկա: Վաղը․․․ եթե չընտրվեց, ինքը այլևս չի կարող առաջադրվել, որովհետև դա արդեն «նորը» եզրույթի խախտում կլինի: Մեկ այլ անձ կարող է առաջադրվել» (Գևորգ Պետրոսյան):

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, սակայն, ասում է, որ եթե նախագահը խորհրդարանի մերժումից հետո նույն անձի թեկնածությունը ներկայացնի, դա անարգանք կդիտվի խորհրդարանի նկատմամբ․ - «Կարող է մեկնաբանման խնդիր լինի: Ես չեմ ուզում իմ վրա վերցնեմ Սահմանադրական դատարանի լիազորությունները, և իրավունք էլ չունեմ, որովհետև այս դրույթի մեկնաբանումը Սահմանադրությանը համահունչության տեսանկյունից գտնվում է Սահմանադրական դատարանի ոլորտում: Բայց իմ կարծիքը հետևյալն է․ խոսքը այստեղ «նորի» մասին, նշանակում է երկու անգամ ընդընդմեջ առնվազն: Երկու անգամ անընդմեջ նույն մարդը նույն գումարման Ազգային ժողովում առնվազն չպետք է առաջադրվի, որովեհտև դա, իմ կարծիքով, կլինի վերաբերմունքի դրսևորում Ազգային ժողովի նկատմամբ»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս առաջարկում է «նոր» բառը մեկնաբանել այնպես, ինչպես այն հասկացվում է հայերենում․ - «Եթե մենք «նոր» բառը գրում ենք և այլ բան ենք հասկանում դրա տակ, ապա նշանակում է, որ կասկածի տակ ենք դնում հայոց լեզվամտածողությունը՝ ամբողջությամբ վերցված: Մենք պնդում ենք, որ այդ բառը երբ որ օգտագործում ենք, հատուկ նպատակ է դրված այդ բառի մեջ: Եվ այդ հատուկ նպատակի իմաստը կայանում է նրանում, որ հարգանք արտահայտվի մի պետական մարմնի կողմից մեկ այլ պետական մարմնի նկատմամբ, և միևնույն անձին անընդհատ չառաջադրի այդ նույն պետական մարմինը»:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մի քանի անգամ պնդեց, որ Սահմանադրությունը չի սահմանափակում, որպեսզի նույն թեկնածուն նույն մարմինի կողմից մի քանի անգամ առաջադրվի․ - ««Նորը» վերաբերում է գործընթացին և չի կարող սահմանափակել մարդու իրավունքը առաջադրվելու կրկին անգամ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու»:

Չնայած նախարարի այս հայտարարությանը՝ ընդդիմադիր խմբակցությունները պնդեցին, որ օրինագծին կողմ են քվեարկում, բայց՝ իրենց մեկնաբանությամբ:

Արդյունքում խորհրդարանն այսօր առանց դեմ ու ձեռնպահի, 83 կողմ քվեներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրինագծերի փաթեթը:

«Իմ քայլը» դաշինքից մի քանի պատգամավորներ չքվեարկեցին: Նրանց թվում էր Վահագն Հովհաննիսյանը, ով այսպես բացատրեց իր որոշումը․ - «Ես չեմ քվեարկելու, որովհետև ինձ համար շատ կարևոր է, որպեսզի այս անորոշությունը չլինի, մենք չընդունենք սահմանադրական օրենք, որը կարող է մեր գործընկերների կողմից հետագայում այլ կերպ մեկնաբանվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG