Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք այսօր պաշտոնական այցով Արցախ էին մեկնել, ճանապարհի կեսից վերադարձել են և գրանցվել, որպեսզի ԱԺ նիստը մեկնարկի, այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Պատգամավորը նշեց, որ խնդիրը բացառապես տեխնիկական է և այստեղ քաղաքական բոյկոտ փնտրել պետք չէ։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քվորում չկա. «Բաց ռեժիմ է գործում, պատգամավորները չորս ժամվա ընթացքում կարող են գալ և գրանցվել։ Էն պահին, երբ որ քվորումի համար անհրաժեշտ թիվը կապահովվի, կարող ենք սկսել նիստը»։
Փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ քվորում չի գրանցվել, քանի որ շուրջ 35 պատգամավոր մեկնել է Արցախ. «Տեխնիկական՝ Արցախ այցի հետ կապված, որոշ մասը մի քիչ շուտ է մեկնել։ Ասում եմ՝ ոչ մի հատուկ բան արված չէ՝ տեխնիկական»։