Մատչելիության հղումներ

Սաքունցը դիմել է դատախազություն՝ «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ բռնությունների հիմքով նոր քրգործ հարուցելու հայցով


Ոստիկանությունը ցրում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան, Երևան, 23-ը հունիսի, 2015թ.
Ոստիկանությունը ցրում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան, Երևան, 23-ը հունիսի, 2015թ.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դիմել է Գլխավոր դատախազություն, որպեսզի 2015-ի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի խաղաղ ցույցի մասնակիցների, լրագրողների նկատմամբ կազմակերպված բռնությունների կիրառման հիմքով նոր քրեական գործ հարուցվի։

Իրավապաշտպանն ասում է, որ այս գործի վարույթի կասեցումից հետո իրենք ձեռք են բերել ցույցի ժամանակ բռնություն իրականացրած քաղաքացիական հագուստով ոստիկանների մասին տվյալներ և այդ ամբողջ փաթեթը ուղարկել են դատախազություն՝ քրեական գործ հարուցելու դիմումով։

«Այն մարդիկ, որոնց մասին մենք խոսում ենք, դրանք ոստիկանության տարբեր բաժիններում ծառայողներ են: Այն, որ ոստիկանության տարբեր բաժինների ներկայացուցիչները միատեսակ վարքագիծ են դրսևորում, դա խոսում է այն մասին կամ հիմք է տալիս ենթադրելու և եզրակացնելու, որ դա հրահանգավորված և կազմակերպված գործողություն է։ Էնպես չի, որ ամեն մեկը ինքնուրույն ինչ-որ էպիզոդներում դրսևորվել է։ Այդ առումով տեղին կլիներ, որ ոչ թե քրգործ հարուցվեր առանձին էպիզոդներով, այլ մեկ քրեական գործ՝ ոստիկանության աշխատակիցների կողմից կազմակերպված ապօրինի գործողություններ կատարելու հիմքով։ Որովհետև սա արդեն առանձին հոդված է, այդ դեպքում նաև պաշտոնեական լիազորությունների անցմամբ, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, ապօրինի գործողություններին ոչ միայն մասնակցելու, կազմակերպված գործողություններին մասնակցելու», - նշեց Սաքունցը։

2015-ի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել էր՝ պատճառաբանելով, թե որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն: Այս որոշումը ստանալուց հետո՝ «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերից տուժած լրագրող Թեհմինե Ենոքյանը հետաքննություն է անցկացրել և երեք օրվա ընթացքում գտել բռնություն գործադրած այն մարդկանց, որոնց 4 տարի շարունակ փնտրում է Հատուկ քննչական ծառայությունը։

«Շատերին հայտնաբերեցի police.am-ում՝ արդեն իսկ բարձր պաշտոնների պետեր են նշանակված, որոշները իրենց գործունեության բերումով մեդալներ ունեն ստացած: Եվ եթե ուսումնասիրեք այդ ամբողջ փաթեթը, որ ես 20 հոգու համարյա բացահայտել եմ, 16 հոգու անուն-ազգանունը հստակ հայտնի է, իսկ էն 4 հոգին՝ ես լսել եմ տարբեր աղբյուրներից, որ ունեն մականուններ կամ գոնե գիտենք նրանց էն վարչությունները, որտեղ որ իրենք աշխատում են։ Ես, իհարկե, չեմ պնդում, որ հենց էդ մարդիկ արել են ամենածանրագույն գործողությունները, որովհետև դա իմ ֆունկցիան չէ: Ես, առնվազն էն կետը, որ Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է էս քննությունը, այն է, որ մեղադրյալներին չեն կարողանում հայտնաբերել․․․ ես էլ փորձել եմ գոնե հիմնավոր կասկածներ բացահայտել, որպեսզի քննիչները կարողանան էս գործերով բացահայտումներ իրականացնել», - ասաց Ենոքյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է. - «Սրանք այն տվյալներն են, որը պետք է նախաքննության մարմինը մինչև հիմա բացահայտած լիներ, և ելնելով այդ տվյալներից՝ ինքը հենց նախաձեռնությամբ հանդես գար ու նոր հիմքով քրեական գործ հարուցեր»։

Գլխավոր դատախազությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ դիմումը ստացել են և այն այժմ քննարկման փուլում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG