«Յուրաքանչյուր վարչական շրջանում կան հողատարածքներ՝ չակերտավոր յուղոտ տարածքները, որոնք շատ ցածր գներով գնվել է թաղապետերի կողմից կամ իրենց մերձավորների կողմից, և ցավոք սրտի, արդեն գրանցված են, իրենք սեփականության վկայականներ ունեն և այլն: Եվ այսօր կան ծրագրեր, որ մենք ուզում ենք իրականացնել, և իրականացմանը խանգարում է այդ հանգամանքը: Բայց մենք բանակցում ենք նաև այդ մարդկանց հետ, որպեսզի, եթե որևէ հողակտոր մեզ պետք է որևէ ծրագրի համար, իրենք զիջեն էդ հողը մեզ, մենք իրենց համանման հող մի ուրիշ տեղ տանք: Ցավը նրանում է, որ սեփականաշնորհվել են նաև այգիների տարածքները, որը ամենադաժանն է», - ասաց Մարությանը:
Այժմ սեփականատերերը այդ այգիներում փորձում են շինություններ կառուցել, ինչը քաղաքապետարանն արգելում է․ - «Այդ այգիների տարածքում մարդիկ գալիս են և փորձում են ինչ-որ շինարարություն անել, շինթույլտվություն ստանալ մեզանից: Բնականաբար մենք մերժում ենք․․․ Կա Նոր Նորքի այգիում, կա Դավթաշենի այգիում, գրեթե բոլոր այգիներում կան սեփական հողեր: Իրենք մի քիչ խելացի են գտնվել՝ իրենց անունով չեն գրել: Գրել են բարեկամի, ընկերոջ․․․»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում խոսելով այս խնդրի մասին՝ ասել էր, որ Հայաստանի համայանքներում, ինչպես նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու հողատարածքները նախկին բարձրաստիճան պաշտոնյաները սեփականաշնորհել են ծիծաղելի ցածր գներով, և այժմ ներդրողներին փորձում են վաճառել մի քանի անգամ թանկ:
Փաշինյանն ասել էր, որ հորոդորել են սեփականատերերին դրանք վերադարձնել պետությանը, սակայն մերժում են ստացել: Սրան հաջորդել է իրավական գործընթաց: Պատկան մարմիներն այժմ ուսումնասիրում են այդ հողատարածքների ձեռք բերման հիմքերի օրինականոթյունը:
Հարցին, թե ինչ պատասխան է ստացել, երբ այդ սեփականատերերին հորդորել է վերադարձնել այդ հողատարածքները, Երևանի քաղաքապետն արձագանքեց․ - «Քանի որ տարածքները շատ են, գործընթացը ավելի երկար է տևում: Բնականաբար այսպիսի պրոցես կա․ մենք դատախազության հետ համատեղ այս ուղղությամբ աշխատում ենք: Մենք սկսել ենք այգիներից, գույքագրում ենք այս պահին այգիները և, դատախազության հետ համատեղ, տեսնում ենք, թե ինչ հիմքերով է տրվել, ինչ հիմքերով է վաճառվել և այլն․․․ և կտեսնենք արդյունքները: Ավելի շատ քննչական մարմինների դաշտում է այս հարցը:
Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին պատկանող ահռելի ունեցվածքի, տարածքների մասին էլ հետաքրքրվեցին լրագրողները: Արդյո՞ք պարզել են՝ թե քաղաքապետի պաշտոնում այդ հարստությունը օրինակա՞ն ճանապարհով է ձեռք բերել:
«Դրանով զբաղվում են քննչական մարմինները և այլ մարմիններ: Մենք զբաղվում ենք մեր գործով», - պատասխանեց Հայկ Մարությանը: