Մատչելիության հղումներ

Հայտնի են «Արտավազդ»-ի այս տարվա մրցանակակիրների անունները


Երեկ երեկոյան տեղի ունեցած «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբախշության արդյունքում 12 անվանակարգերում հետևյալ մրցանակներն ու մրցանակակիրներն ի հայտ եկան․

Մասնագիտական ժյուրիի կողմից լավագույն ներկայացում ճանաչվեց և «Արտավազդ» մրցանակի արժանացավ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմադրած «Չիպպոլինո» բալետային ներկայացումը, Աբովյանի թատրոնի բեմադրած «Պոչատ աղվեսը» ճանաչվեց լավագույն մանկական ներկայացում: «Լավագույն դերասան» անվանակարգում «Արտավազդը» հանձնվեց Խորեն Լևոնյանին՝ Սունդուկյանի թատրոնի բեմադրած «Սասնա Ծռեր» ներկայացման գլխավոր դերակատարման համար: Լավագույն դերասանուհի ճանաչվեց Տաթև Մելքոնյանը՝ Տիկնիկային թատրոնի բեմադրած «Անպարկեշտ Թոմիի մեկնաբանությունները» ներկայացման մեջ ունեցած դերակատարման համար:

Վիգեն Թադևոսյանը լավագույն երիտասարդ դերասանն է տարվա կտրվածքով: Իսկ լավագույն երիտասարդ դերասանուհի երևի չկա․ այդ անվանակարգում մրցանակի ոչ ոք չարժանացավ, բայց լավագույն երիտասարդ բեմադրիչ կա՝ Արմեն Մարգարյանը Պարոնյանի թատրոնում բեմադրած «Դու էիր պակաս» ներկայացման համար:

Մրցանակաբախշությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը շեշտեց․ - «Ունենք լավ թատրոն: Հայ ժամանակակից թատրոն ասելով՝ մենք պետք է հասկանանք մեր ողջ թատերական տարածքը, և եթե այդ տարածքում կան հետաքրքիր պոռթկումներ, եթե այդ տարածքում կան հետաքրքիր աշխատանքներ, հետաքրքիր խելագարներ, նշանակում է հայ թատրոնը կա, գոյություն ունի: Մենք ունենք հրաշալի ժամանակակից թատրոն, հրաշալի երիտասարդություն: Ես չեմ գտնում, որ ամեն ինչ լավ է, ես չեմ գտնում, որ չկան թատրոններ, որտեղ պրոբլեմներ չկան, բայց ես նաև համոզված եմ, որ ամեն ինչ ժամանակի խնդիր է»:

ԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբախշությունը յուրաքանչյուր տարի ի հայտ է բերում նորանոր ձեռքբերումներ կամ բացթողումներ մեր թատերական կյանքում: Թե կոնկրետ այս անգամ ինչ զարգացումներ կան հայ թատերական կյանքում, ապա, ըստ մրցութային հանձնաժողովի անդամ, արձակագիր Կարինե Խոդիկյանի, զարգացում անշուշտ կա․ - «Որ ասեմ մեկը մեկին հերթագայող բացահայտումների ու հրճվանքների շարք էր՝ չէ: Բայց որ կային նաև ներկայացումներ, որոնց ավարտից հետո ոչ միայն որպես հանձնաժողովի անդամ, այլև հանդիսատես, դուրս ես գալիս այն լավ զգացումով, որ մտածում ես օրդ իզուր չանցավ, դա էլ է եղել»:

Հավելենք, որ «Արտավազդ» մրցանակաբախշությունը յուրաքանչյուր տարի նվիրվում է մեր լավագույն թատերական գործիչներից որևէ մեկի հիշատակին: Այս տարի այն նվիրված էր Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիր Տիգրան Շամիրխանյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին:

Ի դեպ, Պատանի հանդիսատեսի թատրոնն այս տարի նշելու է հիմնադրման 90-ամյա հոբելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG