Անվանակոչման միջոցառումը նվիրված էր Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին: Մասնակիցների թվում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեն:
«Խորհրդանշական է, որ հրապարակի անվանակոչության միջոցառումը համընկնում է Եվրոպայի խորհրդի 70-ամյակի հետ, որի լիիրավ անդամն է Հայաստանը», - ելույթն այս խոսքերով սկսեց ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն:
«Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել այն խոշոր նվաճումների մասին, որոնք Եվրոպայի խորհուրդն արձանագրել է կյանքի բազմազան ոլորտներում տասնամյակների ընթացքում», - նշեց ԵԽԽՎ նախագահը՝ հավելելով, որ չպետք է սահմանափակվել այդ ձեռքբերումներով և կանգ առնել: - «Ինձ համար Եվրոպան, բացի աշխարհագրական տարածք լինելուց, միլիոնավոր եվրոպացիների բնակավայրն է, որոնք խոսում են տարբեր լեզուներով, բայց նրանց միավորում են նույն արժեքները և նրանք առաջնորդվում են նույն կոնվենցիաների դրույթներով»:
Հրապարակի անվանակոչման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:
«Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում էական դեր ունի Եվրոպայի խորհուրդը», - իր ելույթում նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: - «Այսօր արդեն կարող ենք հաստատակամորեն ասել, որ մենք հաջողել ենք: Սրա մասին է վկայում այս տարի առաջին տարեդարձը բոլորող թավշյա հեղափոխությունը, որը համազգային, բայց նաև համամարդկային ձեռքբերում է»:
«Եվրոպայի խորհուրդը աշխարհին տվեց երեք հիմնասյուների վրա խարսխված արժեհամակարգ՝ մարդու իրավունքներ , ժողովրդավարություն և իրավուքների գերակայություն: Համաեվրոպական արժեքների հիմքում մարդն է ու նրա արժանավայել ապրելու իրավունքը», - ասաց Սիմոնյանը՝ շարունակելով․ - «Հենց այս արժեքների հանդեպ նվիրվածության սկզբունքով և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ու ամրապնդման գաղափարով է Հայաստանը անկախությունից ի վեր կառուցել եվրոպական ուղղությամբ իր հարաբերություններն ու համագործակցությունը»: