Մատչելիության հղումներ

Տնտեսական հին մոդելով «Կառավարությունը յուրաքանչյուր բիզնեսի մեջ օրթաղ է». Փաշինյան


«Մեր պայքարը և հեղափոխություն ոչ միայն քաղաքական մոդելի դեմ է եղել, այլ եղել է տնտեսական մոդելի դեմ», - այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը պաշտոնապես արձանագրեց՝ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսված է և այդ տնտեսական հեղափոխությունը հաղթելու է նույն կերպ, ինչպես հաղթել է քաղաքական հեղափոխությունը։

«10 ամսվա ընթացքում ամենատարբեր վերլուծություններ են արվում, թե ինչ է անում կառավարությունը տնտեսության զարգացման համար, որևէ բան անո՞ւմ է, թե՞՝ չի անում, ընդհուպ եղան գնահատականներ, թե որևէ բան չի արվում, որևէ պատկերացում չկա և այլն, և այդպես շարունակ։ Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ խոսքը տնտեսական քաղաքականության հին և նոր մոդելների մասին է։ Ո՞րն է այդ հին մոդելի էությունը, հին մոդելի էությունն այն է, որ Կառավարությունը յուրաքանչյուր բիզնեսի մեջ, կներեք էս բառիս համար, օրթաղ է։ Այսինքն՝ ո՞րն է ներդրումը, ներդրումն այն է, որ, հին պատկերացմամբ, նախարարը, փոխվարչապետը, ընդհուպ Ազգային ժողովի նախագահը, պատգամավորները գնում են ինչ-որ տեղից մի բիզնեսմեն են ճարում, ասում են՝ «բեր մի հատ սենց բիզնես դնենք, ենթադրենք պիտի 20 տոկոս հարկ տաս, 20 տոկոս հարկ չես տա, կտաս 5 տոկոս հարկ, էն մնացած տասը տոկոսն ինձ կտաս, տասը տոկոսն էլ քեզ», ներդրողն էլ ասում է՝ «դե որ սենց գարանտիա կա...»։ Եկեք խոստովանենք, ըստ էության սա Հայաստանում տեղի ունեցած ներդրումների 90 տոկոսի նկարագրությունն է, որևէ ներդրման մեջ Հայաստանում՝ հաջողված, անհաջող, էական չի, դուք կտեսնեք այս մոդելը, հենց այս մոդելով են Հայաստանում արվել տնտեսական ներդրումներ։ Մենք ի սկզբանե ոչ թե հրաժարվել ենք այս մոդելից, մենք հայտարարել ենք, որ նման մոդելով մենք չենք կարող աշխատել, որովհետև դա իհարկե հակասում է հենց մեր իսկ քաղաքական ծագումնաբանությանը, որ մեր պայքարը և հեղափոխություն, եկեք չմոռանանք, ոչ միայն քաղաքական մոդելի դեմ է եղել, այլ եղել է տնտեսական մոդելի դեմ», - ասաց Փաշինյանը։

Ընդգծելով, որ այսօր Կառավարության գործունեության և տնտեսագիտական մտքի մեջ կա խզում, որովհետև այդ տնտեսագիտական միտքը ձևավորվել է հին մոդելի պայմաններում՝ Փաշինյանն ասաց. - «Ես ուրախ եմ, որ այսօրվա վիճակագրությունն ու այսօրվա իրողությունները ցույց են տալիս, որ, այո, այն տրամաբանությամբ, որ մենք կարողացել ենք ժողովրդի հետ անել քաղաքական հեղափոխություն, նույն տրամաբանությամբ մենք այսօր կարողանում ենք անել տնտեսական հեղափոխություն։ Այսօր պաշտոնապես կարող եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հեղափոխությունը սկսված է, և ես որևէ կասկած չունեմ, որ այդ տնտեսական հեղափոխությունը հաղթելու է նույն կերպ, ինչպես հաղթել է քաղաքական հեղափոխությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG