Մատչելիության հղումներ

Վիեննայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումից առաջ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրվել է


Հայ զինվորները շփման գծում՝ հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորները շփման գծում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Վիեննայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումից առաջ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է։ Ադրբեջանական կողմը հաղորդում է մեկ զինծառայողի զոհվելու մասին։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, երեկ «հակամարտ գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը սադրանքների են դիմել։ Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի հրետակոծության հետևանքով մարտի 26-ի երեկոյան սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող Էլեզով Էլեզ Ալեդինօղլին»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրությունում նշում է, որ «միաժամանակ հայկական մամուլը տեղեկատվություն է տարածում, թե իբր ինժեներական աշխատանքների միջոցով ադրբեջանական կողմն իր դիրքերն առաջ է մղում»։

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Հայկական կողմի հերթական սադրանքն է և նպատակ է հետապնդում սրել իրավիճակը ճակատային գծում», - նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Ադրբեջանական կողմը հաղորդում է, թե «վճռական և համարժեք միջոցներով հակառակորդի կրակակետերը լռեցվել են, կանխվել են հետագա սադրանքները, ներկա պահին բանակի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը ճակատային գծում»։

Երեկ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։

«Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։ Հայկական կողմից տուժածներ չկան », - ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին այցելելու է Վիեննա։ Այնտեղ է գտնվելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հնարավոր է համարվում, որ Վիեննայում կայանա նրանց հանդիպումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG