Թուրքական իշխանությունները կրկին պնդում են, որ Իրանի հետ համատեղ գործողություններ են իրականացրել «Քրդական բանվորական կուսակցության» զինյալների դեմ:
Առաջին անգամ այս մասին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարեց մեկ շաբաթ առաջ՝ Անթալիայում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ` չհստակեցնելով, սակայն, թե քրդաբնակ հատկապես որ շրջաններում են իրենց գործողությունն իրականացնում թուրք և իրանցի ուժայինները:
Օրերս, սակայն, Անկարայում կայացած մեկ այլ նախընտրական հանրահավաքի ժամանակ, Սոյլուն որոշ նոր մանրամասներ հաղորդեց, որոնցից պարզ դարձավ, որ թուրք-իրանական համատեղ գործողության հիմնական թատերաբեմը Հայաստանին հարող շրջաններն են եղել:
«Մենք՝ Իրանի հետ համակարգելով, ավարտին հասցրեցինք այն գործողությունը, որի շուրջ մինչ այդ երկարատև քննարկումներ էին ծավալվել: Գործողությունը մեկնարկել է մարտի 18-ին և ավարտվել մարտի 23-ին: Այն ընթացել է Թուրքիայի արևելյան չորս նահանգներում` Իգդիր, Վան, Աղրը և Հաքյարի», - հայտարարում էր Սուլեյման Սոյլուն:
Դատելով թուրք նախարարի խոսքից՝ պարզ է դառնում, որ Աբդուլա Օջալանի կողմնակիցներին միավորող «Քրդական բանվորական կուսակցության» քրդական ջոկատների դեմ ուղղված գործողությունները սահմանափակվել են Արարատ լեռան, Վանա լճի և թուրք-իրանական սահմանի միջև գտնվող տարածքով:
«Թուրքիայի արևելյան սահմանի երկայնքով իրականացված այս գործողությանը շուրջ 600 թուրք և իրանցի զինվորականներ են մասնակցել», - հայտարարում էր Սուլեյման Սոյլուն:
Իրանական կողմն առայժմ ավելի կցկտուր տեղեկություններ է հաղորդում քրդերի դեմ ուղղված այս գործողության մասին` չհերքելով, սակայն, որ Թուրքիայի հետ համակարգված քայլեր են իրականացվում:
Նախորդ շաբաթ, օրինակ, այս թեման քննարկել էին երկու երկրների փոխվարչապետեր Մուհթերեմ Ինջեն և Հուսեյն Զուլֆիքարին:
Բանակցությունների ավարտին իրանցի և թուրք պաշտոնյաներն իրենց գոհունակությունն էին հայտնել առ այն, որ Անկարան ու Թեհրանն ի վիճակի են եղել քրդական ջոկատների դեմ միաժամանակյա գործողություն իրականացնել:
Ընդհանուր առմամբ, ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարի, վերջին ժամանակահատվածը երկրի տարածքում գործող քրդական զինված խմբերի դեմ պայքարի առումով բավական հաջողված էր:
«Վերջին տարում մենք 160 ահաբեկիչ են ոչնչացրել` բոլորն էլ այդ կառույցի ղեկավար կազմից: Սպանվածներից 13-ն ընդգրկված էին ներքին գործերի նախարարության «Կարմիր ցուցակում»: Դրանք ամենավտանգավոր ու բարձրաստիճան ահաբեկիչներն էին: Հավելեմ նաև, որ եթե մի քանի տարի առաջ մեր լեռներում շուրջ 15 հազար ահաբեկիչ կար, ապա այսօր դրանց թիվը չի գերազանցում 700-ը», - հայտարարում էր Սուլեյման Սոյլուն: