Սպիտակի երկրաշարժից հետո անմխիթարական վիճակում հայտնված Գյումրիի երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվող նախկին մշակութային կենտրոնն այսուհետ կգործի որպես «Կատարողական արվեստի Խառատյան փորձարարական կենտրոն», որը հիմնադրի՝ անվանի պարուսույց, «Բալետ 2021» հիմնադրամի նախագահ Ռուդոլֆ Խառատյանի մտահղացմամբ՝ պիտի նպաստի ոչ միայն Գյումրիի, Շիրակի մարզի, այլև ողջ Հայաստանի մշակութային զարգացմանն ու ներդրմանը համաշխարհային ժամանակակից մշակույթի տիրույթում:
Մեկ ամիս առաջ Գյումրիի ավագանու որոշմամբ շենքն անհատույց օգտագործման է տրվել «Բալետ 2021» հիմնադրամին, որն էլ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացնելու է այս ծրագիրը:
Երկրաշարժից 30 տարի անց մի կերպ կանգուն մնացած շենքի պատմամշակութային արժեք ներկայացնող հատվածները՝ ճակատամասը և անվանի նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանի «Սասունցիների պարը» խճանկարը պահպանելով, բոլորովին նոր, ճարտարապետական ժամանակակից չափանիշներին համապատասխանող կառույց է վեր հառնելու Գյումրիում:
«Շատ մաքուր, շատ մոդեռն և լրիվ տարբեր շենք է լինելու», - «Ազատության» հետ զրույցում հավաստիացրեց նախագծի ճարտարապետ, կանադահայ Ազատ Շիշմանյանը: - «Հինը և նորը միասին պիտի կարողանանք կարդալ»:
Ծրագրի շնորհանդեսից առաջ «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում Ռուդոլֆ Խառատյանը շեշտում էր, որ իրենց հիմնական նպատակն է Գյումրիի միջոցով Հայաստանը միացնել աշխարհին: «Գյումրին կունենա մի արվեստի կենտրոն, ամեն տեսակի արվեստ պետք է լինի: Կգան տարբեր մասնագետներ իրենց դասախոսություններով», - մանրամասնեց Խառատյանը:
Ծրագրի տնօրեն Լիլիթ Պետրոսյանն էլ համոզված է, որ կատարողական արվեստի այս նորաստեղծ կենտրոնը կնպաստի մարդկանց ստեղծագործական էության և ներուժի նորանոր բացահայումների:
«Ինչպես գիտենք, այսօր աշխարհում արվեստագետներն էլ փնտրում են հատուկ հարթակ՝ էքսպերիմենտներ անելու, նոր արվեստ ստեղծելու համար: Այս ծրագիրը հենց այն կենտրոնն է, որը միացնելու է կրթությունը, հատուկ փորձառություն տալու հնարավորությունը և արտիստներին հարթակ տրամադրելու, որպեսզի ձևավորվեն նոր ստեղծագործություններ: Արվեստի, մշակույթի, հումորի և ընդհանրապես վարպետների քաղաք է Գյումրին, ինքը ամբողջ ներուժը ունի, որպեսզի դառնա խոշորագույն մշակութային կենտրոն», - «Ազատության» հետ զրույցում նշեց ծրագրի տնօրենը: