Մատչելիության հղումներ

Հայաստանի հավաքականն այսօր ընդունելու է Ֆինլանդիայի ընտրանուն


Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տնային խաղում Հայաստանի հավաքականն այսօր ընդունելու է Ֆինլանդիայի ընտրանուն: Խաղից առաջ Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ։

Նիկոլ Փաշինյանը, ով նախկինում բազմիցս ազգային հավաքականի խաղերին հետևել է մարզադաշտից՝ ընտանիքի անդամների հետ, երեկ, դիմելով ֆուտբոլիստներին, հաջողություն է մաղթել այսօրվա խաղում․ - «Մեր հավաքականը չպետք է խաղի նկատմամբ վախի որևէ զգացում ունենա: Իհարկե, խաղի արդյունքը շատ կարևոր է, բայց ես գոնե այդպես եմ ընկալում, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ կարող եմ ասել, որ նաև պատրաստ եմ կիսել ցանկացած դառնություն մեր հավաքականի հետ և, իհարկե, ուրախությունը կիսելու կարիք նույնիսկ չկա, բայց դառնությունները, իմացեք, որ միշտ պատրաստ եմ կիսել: Եվ շատ կարևոր է դուխով առաջ գնալը: Ես ինքս էլ ներկա կլինեմ: Հաղթանակի կարևոր նախապայմանը, իմ կարծիքով, պարտվելուց չվախենալն է»:

Այսօրվա հաղթանակը անխուսափելի համարում նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը․ - «Հաստատ հաղթելու ենք»:

Հաղթանակի տրամադրվածություն ունեն նաև Ազգային հավաքականի երկրպագուները։ Անկախ հանդիպման արդյունքներից՝ իրենք ևս պատրաստ են մշտապես երկրպագելու ազգային հավաքականին:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում մրցակցի դաշտում Հայաստանի ազգային հավաքականը անցած շաբաթ օրը1:2 հաշվով պարտություն կրեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմից։

Ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը կարծում է՝ առաջիկայում հայկական ֆուտբոլը լուրջ հաջողությունների կհասնի՝ շնորհիվ Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարության, որը, հավաքականի վետերան հարձակվողի խոսքով, ճիշտ ռազմավարություն է որդեգրել հայկական ֆուտբոլի զարգացման հարցում։ «Ազատության» հետ զրույցում նա նշեց՝ քաղաքացիները շուտով հնի և նորի տարբերությունը կզգան. - «Մենք ընդհանրապես շատ բանի կարող ենք հասնել։ Մեր ֆուտբոլը ուժեղ ֆուտբոլ ա, ես էդ չեմ ասում, որ հավաքականի անդամ եմ, ֆուտբոլիստ եմ, բայց էդ արդեն ապացուցված փաստ ա, որ մենք ունենք տաղանդ և հույս ունենք, որ նոր ղեկավարությունը շատ ճիշտ քայլերի է գնում ֆուտբոլը զարգացնելու»։

Ֆուտբոլիստը ընդգծում է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի փոփոխությունից հետո՝ և՛ ֆեդերացիայում, և՛ հավաքականում մթնոլորտը դեպի լավն է փոխվել։ - «Ամենակարևորը ես կարամ ասեմ, որ մարդկանց հանգստությունն ա, ժողովուրդը արդեն կարա հենց էս շենքի մեջ հանգիստ մտնի-հելնի, էդ առաջներում չի եղել, ֆուտբոլիստների հանգստությունն ա, փոփոխությունները շատ մեծ են», - նշեց Մովսիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG