Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների պալատը հաստատել է Եվրոպայում էներգակիրների մատակարարումները դիվերսիֆիկացնելու օրինագիծը


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի օրը կողմ է քվեարկել էներգակիրների մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու հարցում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին աջակցելու և այդ երկրների վրա Ռուսաստանի ազդեցության դեմ օրինագծին:

Օրինագծին կողմ քվեարկել 391 կոնգրեսական, դեմ` 24: Օրինագիծը օրենքի ուժ կստանա այն բանից հետո, երբ այն հաստատի Սենատը և ստորագրի ԱՄՆ նախագահը:

Օրինագծի հեղինակների կարծիքով, Միացյալ Նահանգները պետք է «օգնեն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը այդ երկրների վրա, նվազեցնելով այդ երկրների կախվածությունը Ռուսաստանի էներգակիրներից: Ռուսաստանը էներգակիրները հաճախ օգտագործում է այդ պետությունների վրա ազդելու համար, համարում են ամերիկացի կոնգրեսականները: Այս առումով, ըստ օրինագծի, Պետդեպարտամենտը և համապատասխան ստորաբաժանումները պետք է «օժանդակեն էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կառավարությունների ջանքերին»: Մի կողմից, դա պետք է լինի «դիվանագիտական և քաղաքական աջակցություն», իսկ մյուս կողմից, ֆինանսական աջակցություն որոշակի էներգետիկ նախագծերի համար: Այդ նպատակով օրինագծով առաջարկվում է «1 մլրդ դոլարից ոչ ավելի գումար հատկացնել էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացմանը նպաստող նախագծերին, այդ թվում նաև մասնավոր նախագծեր աջակցելու համար»: Խոսքը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ նավթ և գազ փոխադրող համակարգերի մասին է:

Մոսկվայում համարում են, որ այս օրինագիծը ուղղված է նախ և առաջ «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» նախագծերի դեմ:

Ավելի վաղ Հյուսթոնում ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի ցանկանում, որ Եվրոպայում ամերիկացի դաշնակիցները կախված լինեն «Հյուսիսային հոսք 2» գազամուղի շինարարության արդյունքում Ռուսաստանից բնական գազի մատակարարումներից: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է «օգնել իր ընկերներին էներգիայի մատակարարման դիվերսիֆիկացիան ապահովելու հարցում»:

«Հյուսիսային հոսք 2» նախագիծը նախատեսում է տարեկան հաշվարկով ռուսական ծովափից մինչև Բալթիկ ծով 55 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ երկու գազամուղի շինարարություն: Շինարարության արժեքը գնահատվում է 9.5 միլիարդ եվրո, խողովակաշարի մեկնարկը պետք է լինի այս տարվա վերջին:

Նախօրեին թուրքմենական մամուլը հրապարակել էր Նովրուզի առթիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը այդ երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Միացյալ Նահանգների ժողովուրդը ու գործարար շրջանակները շարունակում են նոր ուղղություներ մշակել մեր տնտեսական համագործակցությունը ամրապնդելու համար: Հուսով եմ, որ Թուրքմենստանը կկարողանա օգտվել Արևմուտքի համար գազի արտահանման նոր հնարավորություններից, որ տալիս է վերջին շրջանում Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշումը»:

Տրանսկասպյան գազատար նախագծով նախատեսվում է թուրքմենական գազը Կասպից ծովի հատակով հասցնել Ադրբեջան, այնուհետև Վրաստանի և Թուրքիայի տարածքներով՝ Հունաստան:

Երեկ Կոնգրեսում ընդունված մեկ այլ օրինագիծ վերաբերում է Վենեսուելայում Ռուսաստանի Դաշնության ազդեցության վտանգին: Օրինագիծը պարտավորեցնում է Պետդեպարտամենտին գնահատել Վենեսուելայում Ռուսաստանի ազդեցության վտանգը, ինչպես նաև դրա հետևանքները Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների համար:

Նախօրեին ռուսական երկու ռազմական օդանավեր՝ Ан-124 և Ил-62, ժամանել էին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի միջազգային օդանավակայան։ Ռուսական օդանավերը տեղափոխել էին 99 ռուսաստանցի զինվորական, բարձրաստիճան գեներալների, ինչպես նաև 35 տոննա բեռ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG