Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ է տեսնում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հարությունյանը։
«Ես նրա պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում», - ասաց ԿԳ նախարարը։
Հարցին, թե ի՞նչ լրջագույն խնդիրների մասին է խոսքը, Հարությունյանը պատասխանեց. - «ԵՊՀ-ի ներկայիս վիճակը նայեք և տեսեք, թե ուր է գնում ԵՊՀ-ն։ Ինքն ունեցել է ռազմավարական պլան, բայց էս իրադարձություններից դրդված ինչ-որ բարեփոխումների խմբեր է ստեղծում, ինչը ենթադրում է, որ ռազմավարական պլանը, որ ունեցել է, տարել է հետընթացի բուհը»։
Նշենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. փետրվարին ոստիկանությունը հաղորդեց՝ ԵՊՀ-ում խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքեր են բացահայտել, գործ են հարուցել և այն ուղարկել Քննչական կոմիտե՝ նախաքննության: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է:
Քրգործի հարուցումից հետո Արամ Սիմոնյանի լիազորությունները դադարեցնելու օրակարգով փետրվարին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն արտահերթ նիստ էր գումարել, այն չեղյալ համարվեց, քանի որ օրակարգը չէր հաստատվել: