Մատչելիության հղումներ

«Եթե որևէ խոսակցություն սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի». Փաշինյանի ելույթը ԳԱԱ տարեկան ժողովին


«Կարող ենք վստահաբար ասել, որ Հայաստանը եղել է Սովետական միության սիլիկոնե հովիտը», - այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ սա ասում է, ոչ թե պատմական հիշողությունը վերականգնելու, այլ ընդգծելու այն մեծ պոտենցիալը, որ, իր համոզմամբ, ունի Հայաստանը որպես գիտական պոտենցիալ երկիր։

«Մեր ունեցած խնդիրների մեծ մասը կապված է այս թնջուկի հետ և երրորդ հանրապետության ստեղծման առաջին օրից, ըստ էության, տեղի է ունենում այս բանավեճը, թե ի՞նչ է ուզում պետությունը գիտությունից, և ի՞նչ է ուզում գիտությունը պետությունից, և ի՞նչ կարող են տալ նրանք ընդհանրապես իրար։ Կարծում եմ, որ այս հարցերի պատասխանը գտնելն է այն կարևոր առաջին կետը, որի վրա պետք է հիմնվի մեր գիտության հետագա զարգացումը», - ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանը տեսնում են, որպես տեխնոլոգիական երկիր, և հույս ունեն, որ Հայաստանում գիտությունը, գիտական պոտենցիալը, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիան ողջ թափով կսպասարկի քաղաքական այս տեսլականը։

«Շատ է խոսվում գիտության ֆինանսավորման և դրա մեխանիզմների մասին, և կանխավարկածն այնպիսին է, որ ֆինանսների բացակայության կամ սղության պատճառով ինչ-որ բան չի ֆինանսավորվում, ինչ-որ բան պակաս է ֆինանսավորվում, ինչ-որ բան այնպես չէ ֆինանսավորվում, ինչպես պետք է ֆինանսավորվի: Բայց ցանկանում եմ ասել, որ կառավարությունում մեր աշխատանքի ընթացքում ես առաջարկել եմ ընդհանրապես հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետև եթե որևէ խոսակցություն սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի: Պետք է խոսել ոչ թե այն մասին, թե ինչքան փող կա, և մենք ինչքան ենք պատրաստ հատկացնել, այլ այն մասին, թե մենք ինչ խնդիր ենք լուծում, ինչպես ենք պատկերացնում դրա լուծումը, և արդյոք կարող ենք լուծել այն: Եթե չենք կարող, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք այդ խնդրի լուծման համար: Հետևաբար, ես առաջարկում եմ, որ ընդհանրապես այդ տրամաբանությունից դուրս գանք, որովհետև հարցն այն չէ՝ փող կա՞, թե՞ չկա, այլ այն, թե ինչ ենք ուզում», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Երբ հստակ ձևակերպենք մեր ցանկությունները և անելիքը, կարծում եմ՝ փող միշտ էլ կգտնվի, որովհետև նպատակները շատ ավելի կարևոր են, քան նստել հաշվելը, թե այս պահին ինչքան փող ունենք»։

Փորձելու են, ինչպես վարչապետն ասաց, հնարավորինս շատ և հնարավորինս արդյունավետ գիտական ուղղությունն ինտեգրել բարձրագույն կրթական ուղղության հետ։

«Մեր մեծագույն պրոբլեմներից մեկն այն է, որ կառավարությունը գործում է առանձին, իսկ գիտակրթական համակարգն՝ առանձին։ Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում էականորեն պետք է ուժեղացվի փորձագիտական պոտենցիալը, և դա պետք է արվի հետևյալ կերպ՝ գիտակրթական համակարգը պետք է ներգրավված լինի ռազմավարությունների և քաղաքականությունների ձևավորման գործընթացին, ինչը նաև ենթադրում է, որ ֆինանսական հոսքերը կուղղվեն նաև գիտակրթական համակարգ», - ասաց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG