Ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել հանրային կյանքի և հարաբերությունների ողջ բովանդակությունը, ընդհուպ փոխել մարդկանց ինքնազգացողությունը և ինքնագնահատականը որպես քաղաքացի, որպես հանրություն, երեկ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ֆուտբոլի ակադեմիայում՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմի և ֆուտբոլիստների հետ հանդիպման ժամանակ։
Փաշինյանն Ավանի ֆուտբոլի ակադեմիա էր այցելել երեկ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ։
Վարչապետը շրջայց է կատարել ակադեմիայով, ծանոթացել պայմաններին ու առկա ենթակառուցվածքներին:
ՀՖՖ ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել Հայաստանում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմի և ֆուտբոլիստների հետ, որոնք պատրաստվում են այսօր Երևանի Հանրապետական մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Նիկոլ Փաշինյանին է նվիրել հավաքականի մարզաշապիկն ու ֆուտբոլիստների ստորագրությամբ գնդակ:
Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. - «Հայաստանի ազգային հավաքականի հարգելի մարզիչներ, ֆուտբոլիստներ, ֆեդերացիայի ներկայացուցիչներ, երջանիկ առիթ է ինձ համար այսպիսի ֆորմատով հանդիպումը և կարծում եմ կարիք չկա ասելու, թե ինչքան կարևոր են բոլորիս համար ֆուտբոլը, այն հնարավորությունները, որ կարող են մեզ համար ստեղծվել ֆուտբոլի միջոցով: Մենք քիչ առաջ քննարկում էինք Հայաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Մեր քննարկման առանցքում էր այն, որ ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել հանրային կյանքի և հարաբերությունների ողջ բովանդակությունը, ընդհուպ փոխել մարդկանց ինքնազգացողությունը և ինքնագնահատականը որպես քաղաքացի, որպես հանրություն: Իհարկե, ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել նաև երկրի և հանրության տրամադրությունը: Անկեղծ ասած, ես հենց այդ առումով եմ կարևոր համարում ընդհանրապես սպորտը և ֆուտբոլն առաջին հերթին՝ որպես ամենազանգվածային մարզաձև: Իհարկե, Հայաստանի ազգային հավաքականն այս առումով ունի առանձնահատուկ նշանակություն և այս պրոցեսի լիդերությունն, ըստ էության, ընկնում է ազգային հավաքականի և նրա խաղացողների վրա»:
Փաշինյանը նշել է, որ Ազգային հավաքականն իր պատմության ընթացքում ցնծության բազմաթիվ պահեր է պարգևել բոլորին:
«Ինքս նախկինում բազմիցս ազգային հավաքականի խաղերին հետևել եմ մարզադաշտից՝ իմ ընտանիքի անդամների հետ, և դա միշտ եղել է մեծ հաճույք: Իհարկե, եթե խաղի արդյունքը բավարարել է՝ առավել մեծ հաճույք է եղել, իսկ եթե այն այդքան էլ չի բավարարել՝ մենք շատ ուրախ և հպարտ ենք եղել, որ հավաքականի կողքին ենք այդ ծանր փորձության պահին: Այս առումով, հույս ունեմ, որ առաջիկայում կունենանք հաջողություններ: Շատ կուզենայի, որ այն ոգին, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաքացիական հանրային կյանքի առումով, արտահայտվում է և կարտահայտվի նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղում», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Իհարկե, հոգեբանությունը կարծում եմ ֆուտբոլում և ցանկացած մարզաձևում շատ կարևոր է և համոզված եմ, որ այստեղ բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, որոնց համար, սակայն, կարծում եմ, որ հանրային բարձր աջակցությունը նույնպես շատ կարևոր է, որովհետև ցանկացած պրոֆեսիոնալ գործում միշտ էլ հանրային աջակցությունը կարող է մեծ նշանակություն ունենալ»:
Վարչապետը հաջողություն է մաղթել առաջիկա խաղում։
«Բայց կարծում եմ, որ առաջին կարևոր հոգեբանական պահը, որ պետք է ունենանք՝ հետևյալն է. Հայաստանի ժողովուրդը, մարզասերները, անկախ խաղի կոնկրետ արդյունքներից՝ միշտ մեր հավաքականի կողքին պետք է լինեն և կարծում եմ, որ այդ հոգեբանական պահն է կարևոր: Հոգեբանական բեռը հնարավորինս պետք է թեթև լինի և մեր հավաքականը չպետք է խաղի նկատմամբ վախի որևէ զգացում ունենա՝ ձեզ հայտնի տրամաբանության մեջ: Իհարկե, խաղի արդյունքը շատ կարևոր է, բայց որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ նաև պատրաստ եմ կիսել ցանկացած դառնություն մեր հավաքականի հետ: Իհարկե, ուրախությունը կիսելու կարիք չկա էլ, բայց դառնությունները իմացեք, որ միշտ էլ պատրաստ եմ կիսել, այնպես որ շատ կարևոր է, որ խաղադաշտ մտնելուց առաջ վստահ լինեք, որ մեր հանրությունը, անձամբ ես ձեր թիկունքին կանգնած ենք: Շատ կարևոր է, որ խաղի որևէ պոտենցիալ արդյունք չվախեցնի մեզ, որովհետև շատ կարևոր է դուխով առաջ գնալը և մնացածն արդեն առավել ստեղծագործական մոտեցմամբ հաղթահարել: Հույս ունեմ, որ վաղվա խաղի ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի, որովհետև օրինակ ինձ համար այդ զգացողությունը շատ կարևոր է ու ինքս էլ ներկա կլինեմ», - ասել է վարչապետը:
Փաշինյանն ընդծել է՝ հաղթանակի կարևոր նախապայմանն իր կարծիքով պարտվելուց չվախենալն է։
«Իմ փորձից կարող եմ ասել, չգիտեմ, թե դա որքանով է կիրառելի ֆուտբոլում, բայց հաղթանակի կարևոր նախապայմանն իմ կարծիքով պարտվելուց չվախենալն է: Երբ վախենում ենք պարտվելուց՝ կարծես փակուղի ենք մտնում, վախենում ենք նաև գործելուց: Կարևոր է չվախենալ պարտվելուց, դա շատ ավելի հեշտացնում է հոգեբանական վիճակը և մնում է ընդամենը ներդնել բոլոր այն ջանքերը, որոնք հնարավոր են և վերջում տեսնել, թե ինչ կստացվի: Ես հավատում եմ մեր հավաքականին, բարձր եմ գնահատում և սիրում եմ բոլորիդ, որովհետև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեր ազգային և պետական կարևորագույն խորհրդանիշներից մեկն է ու մենք մեր էմոցիաներով, ջանքերով պետք է առաջին հերթին ամեն ինչ անենք, որ այդ խորհրդանիշն իրեն վստահ զգա, ամուր կանգնի ոտքերի վրա», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Եթե այն, ինչ գրված է ֆուտբոլի զարգացման ծրագրում, իրականացվի, որևէ կասկած չկա, որ մենք կունենանք լուրջ հաջողություններ: Առաջին հերթին այդ հաջողությունները պետք է ունենանք մեր մտքում՝ մնացած ընդունակությունները դուք հաստատ ունեք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ կատարած աշխատանքի համար, հնաբնակներին առավել ևս շնորհակալություն հայտնել հավաքականի ստեղծման ակունքներում լինելու, հավաքականի դառնությունների լիարժեք կրողը լինելու, հաղթանակները ստեղծելու համար: Նորեկներին էլ մաղթում եմ հաջողություններ»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, իր ընկալմամբ, ծառայության և առաքելության մեջ ամենակարևորն անկեղծ լինելն է և առաքելությանը հավատալը:
«Հավաքականի մակարդակում ֆուտբոլիստների առաքելությունը շատ կարևոր է: Օրինակ, կառավարության առաքելությունը ձևակերպելիս՝ նշում եմ, որ մեր առաքելությունն է, որպեսզի մարդիկ իրենք իրենց հավատան, ավելի շատ իրենց ուժերին վստահեն, հավատան, որ կարող են, ուժ ունեն իրենց կյանքը փոխելու, իրենց երազանքներին հասնելու: Կարծում եմ՝ այս առումով ազգային հավաքականի առաքելությունն ավելի կարևոր է, որովհետև եթե ազգային հավաքականը լավ է հանդես գալիս, այդ օրը, հաջորդ օրը և առաջիկա շրջանում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր հայ իրեն ավելի վստահ է զգում իր ամենօրյա՝ ֆուտբոլի հետ բացարձակ կապ չունեցող աշխատանքի մեջ: Այնպես որ, ձեր առաքելության մեջ մաղթում եմ ձեզ մեծագույն հաջողություններ, որովհետև ձեր հաջողությունը յուրաքանչյուրիս հաջողությունն է», - ընդգծել է վարչապետը:
ՀՖՖ նախագահը հավաստիացրել է, որ ազգային հավաքականում բարոյահոգեբանական մթնոլորտը գտնվում է բարձր մակարդակի վրա, տղաների մարզավիճակը ևս լավ մակարդակի վրա է:
«Բոլորս միասին պատրաստվում ենք վաղվա և առաջիկա բոլոր խաղերին, ցուցադրելու ենք շատ լավ խաղ: Բոլորս հավատում ենք, որ մեր տղաները վաղը պատվով հանդես կգան և ունենալու ենք հաղթանակ: Ինչպես Դուք նշեցիք՝ պարտության դեպքում էլ լինելու ենք ֆուտբոլիստների կողքին և կիսելու ենք այն, բայց, իհարկե, հաղթանակը շատ սպասելի է և բոլորս հավատում ենք, որ վաղն ունենալու ենք հաղթանակ»,- նշել է Վանեցյանը: