Կառավարության այսօրվա արտահերթ նիստը հիմնականում նվիրված էր կրթության ոլորտին առնչվող թեմաներին։ Այս առիթով վարչապետ Փաշինյանը նորից հայտարարեց՝ ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից, մինչև դպրոցական։
«Մենք պետք է շատ հստակ ասենք՝ օրինակ էն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները Նոր Հայաստանում անելիք չունեն», - հայտարարեց վարչապետը՝ շարունակելով․ - «Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք էդ դիրքորոշումը ասել»:
Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը, կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի Հայաստանում աշխատել, հայտարարեց վարչապետը առանց կոնկրետ անուններ նշելու․ - «Չի կարող էդպիսի բան լինել, հեղափոխությունը սկսվել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով։ Չկա տարբերակ, սա քաղաքական որոշում է և մի շաբաթ էս կողմ, մի շաբաթ էն կողմ, կիրագործվի: Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել»:
Գրեթե մեկ տարի առաջ՝ 2018-ին, հեղափոխություն սկսած, այն ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ Գյումրիից Երևան գալուց հետո կանգառ ունեցավ նաև Երևանի պետական համալսարանում՝ պարզելու, թե ինչու են դռներ փակվում ուսանողների առջև, որոնք ցանկանում լսարաններից դուրս գալ մասնակցելու Փաշինյանի առաջնորդած բողոքի գործողություններին։ Անցյալ տարի դեռ ընդդիմադիր գործիչներից, այժմ՝ կառավարության անդամներից կազմված խմբի առջև չէր բացվում նաև կենտրոնական մասնաշենքի դուռը, Փաշինյանը և աջակիցները ներս մտան միայն մի ակնթարթ բաց մնացած դռնից, որտեղ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը նրանց հանդարտվելու կոչ արեց, նշելով, թե «չեն կարող մտնել ուր ուզեն ու շոու սարքեն»: Ռեկտոր Արամ Սիմոնյանի աշխատասենյակի դռները անվտանգության աշխատակիցները անառիկ պահեցին։ Ավելի ուշ ԵՊՀ-ն պազաբանմամբ հանդես եկավ, որտեղ նշեցին․ - «Մոտ 120-130 հոգի՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ներխուժել են ԵՊՀ տարածք՝ թմբուկներով և գոռոցներով պարալիզացնելով բուհի բնականոն գործունեությունը։ Տեղեկանալով, որ ցանկանում են հանդիպել իր հետ ԵՀՊ ռեկտոր Սիմոնյանը ընդունել է առաջարկը՝ պայմանով, որ Նիկոլ Փաշինյանը աշխատասենյակ պետք է բարձրանա մենակ: Փաշինյանը մերժել է այդ առաջարկը»։
Արդյոք այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանի հայտարարությունները ուղղված էին Արամ Սիոմնյանի՞ն․ այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել ԵՊՀ ռեկտորից, վերջինս ասաց՝ անուններ չեն հնչել, ինքը դժվարանում է ասել, թե ում մասին էր խոսում վարչապետը։ - «Չեմ կարող ասել: Ես չգիտեմ: Որովհետև որ փակագծերը չեն բացել, ես չեմ կարող ասել», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց ԵՊՀ ռեկտորը:
Փակվե՞լ են արդյոք անցյալ տարի դռներ ԵՊՀ ուսանողների առջև հարցին՝ Արամ Սիմոնյանը պատասխանեց՝ ոչ։