Մատչելիության հղումներ

«Փաստեր ունեինք, որ Կարեն Դեմիրճյանի օգտին քվեաթերթիկները Սևանա լճում էին ոչնչացնում». ՀԺԿ փոխնախագահ


Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) փոխնախագահ Գրիգոր Հարությունյանի համոզմամբ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղուց պետք է մեկուսարանում լիներ:

Անցած 21 տարիների ընթացքում բազմիցս են խոսել, որ 1998 թվականի նախագահական ընտրություններում նա զավթել է ժողովրդի իշխանությունը և պետք է պատասխան տա դրա համար:

Գրիգոր Հարությունյանը, ով Մեղրիում Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավարն էր, հիշում է, թե 1998-ի նախագահական ընտրություններում ինչպիսի ընտրակեղծիքներ ու ճնշումներ էին բանեցվում՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի․ - «Երբ որ ընտրություններից հետո ոստիկանապետը հանդես էր գալիս բոլոր տեղերում, ասում էր, որ Քոչարյան Ռոբերտը իր քեռին է, ինչպես է փորձում ճնշումներ գործադրել իմ նկատմամբ, ստիպել, որպեսզի նյութերը փոխենք: Նաև էնպիսի օրինակներ ունենք էնտեղ, որ Ագարակի միջնակարգ դպրոցում շուրջ 1100 քվեաթերթիկ հանձնաժողովի նախագահը թողել, փախել էր: Դեմիրճյանի օգտին քվեաթերթիկները վերցրել էին, 1100 քվեաթերթիկ դրել էին Ագարակի միջնակարգ դպրոցում»:

«Ազատություն». - Ձեր կարծիքով՝ բոլոր հիմքերը կա՞ն, որ ՀՔԾ-ն ավելի հեռուն գնա և քրեական գործ հարուցի՝ ընտրությունները կեղծելու դրվագով։ Դուք փաստեր եք ներկայացնում, Ձեզ նման շատերը կլինեն, ովքեր կարող են ցուցմունքներ տալ։

Հարությունյան. - Շատ փաստեր կարող են ներկայացվել, բայց ամբողջ խնդիրը նա է, որ այդ քվեաթերթիկներից բան չի պահպանվել, արդեն ոչնչացվել են: Եվ մենք նաև այսպիսի փաստեր ունեինք, որ մեծ տոպրակներով Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ Սևանա լճում են փորձել ոչնչացնել, պատուհաններից են գցել դպրոցների:

«Ազատություն». - Կարծում եք, որ դժվա՞ր կլինի ապացուցել։

Հարությունյան. - Չէ, լավ աշխատելու պայմաններում հնարավոր է: Եվ կարևորը ժողովուրդը գիտի, որ հանցագործություն է կատարվել, ժողովուրդը համոզված է: Իսկ լավ քննության դեպքում փաստեր հնարավոր է գտնել, և Շիրխանյանն էլ պետք է ավելի մանրամասնի, որովհետև իրենք են եղել այդ խոհանոցում։

Անդրադառնալով Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակին, որտեղ վերջինս նշում է, թե Քոչարյանը 27 տոկոս քվեն դարձրեց 59 տոկոս և իրեն հռչակեց Հայաստանի նախագահ, Գրիգոր Հարությունյանը հակադարձում է, Ռոբերտ Քոչարյանին որևէ մեկը 27 տոկոս ձայն չի տվել․ - «Հինգ տոկոս էլ նա վարկանիշ չուներ: էն էլ կարող ա լինել զորքի-բանի միջոցով: Թե ինչի ա բարձրացնում Շիրխանյանը տոկոսները, չեմ հասկանում»:

Հարցին, թե ինչու Կարեն Դեմիրճյանը չվիճարկեց ընտրությունների արդյունքները՝ եթե հստակ էր, որ ինքն էր ընտրված նախագահը, Գրիգոր Հարությունյանն արձագանքեց, թե Դեմիրճյանը որոշեց չգնալ առճակատման, նախընտրեց այլ ճանապարհ, ստեղծեց կուսակցություն՝ ՀԺԿ-ն, և Վազգենի Սարգսյանի հետ «Միասնություն» դաշինքով 1999-ի խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ, որից հետո տեղի ունեցավ եղավ հոկտմբերի 27-ի ոճրագործությունը։

«Ազատություն»․ - Ինչո՞ւ Վազգեն Սարգսյանը և նրա կողմնակիցները, ասենք Վահան Շիրխանյանը, այն ժամանակ չբարձրաձայնեցին, որ այսօրինակ խախտումներ են տեղի ունեցել, որ իրականում հաղթողը Դեմիրճյանն էր, բայց նրա ձեռքից հաղթանակը խլվեց:

Հարությունյան․ - Էդ իրենց պետք է հարցնել: Մենք կարող ենք պարզապես ենթադրել, որ իրենք Քոչարյան Ռոբերտին ավելի լավ էին ճանաչում: Վախեցրել են, ինչ են արել, ո՞վ կարող է ասել:

«Ազատություն»․ - Վազգեն Սարգսյանը կվախենա՞ր Ռոբերտ Քոչարյանից:

Հարությունյան․ - Չէ: Ես անձամբ լսել եմ, որ Վազգեն Սարգսյանը հանդիպումների ժամանակ բազմիցս ասել է՝ ես 1998 թվականին խանգարել եմ Կարեն Դեմիրճյանին, հիմա սխալս ուղղում եմ, ուզում եմ օգնել:

Մինչդեռ 1998-ին Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրած Հայաստանի սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը պնդում է, որ Քոչարյանը միայնակ ընտրությունների արդյունքները կեղծել չէր կարող, ամբողջ համակարգն էր աշխատում Կարեն Դեմիրճյանի դեմ, այդ թվում՝ այն ժամանակ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը՝ Երկրապահի հետ միասին․ - «Ո՞վ չգիտի, որ այն ժամանակ Վազգեն Սարգսյանի հեղինակությունը և ազդեցությունն ավելի մեծ էր, քան Քոչարյանինը»:

«Ազատություն»․ - Ընտրությունները կեղծվել են․ Դուք համաձայն եք այդ դիտարկմանը: Հաղթողը Կարեն Դեմիրճյանն էր, բայց այնպես չի, որ կեղծիքները միայնակ իրականացրել է Ռոբերտ Քոչարյանը․ աշխատել է նրա շտաբը, և հենց Վազգեն Սարգսյանի աջակցությա՞մբ են այդ ընտրակեղծիքներն իրականացվել:

Մովսես Շահվերդյան
Մովսես Շահվերդյան

Շահվերդյան․ - Ես նորից եմ կրկնում պարզ հայերենով՝ Ռոբերտ Քոչարյանի շտաբի բոլոր աշխատանքները ղեկավարում-կոորդինացնում էր Վազգեն Սարգսյանը․․․ Իսկ ընտրությունները կեղծվում են ընտրական հանձնաժողովների միջոցով՝ տեղականից սկսած մինչև կենտրոնական, որոնք այդ պահին կազմավորվել էին ՀՀՇ-ի կողմից: Էդ օրերին, ասենք, Ավանի մանկապարտեզի տարածքում ես իմ խմբով ընդհարում եմ ունեցել երկրապահական խմբի հետ, որովհետև փաստեր ենք արձանագրել ընտրությունների կեղծման․․․ Հիմնական դերը կատարում էին երկրապահները կազմակերպական աշխատանքներում:

Հավելենք, որ Հատուկ քննչական ծառայությունը 1998 թվականի ընտրությունները կեղծելու դրվագով քրեական գործ չի հարուցել, առայժմ նյութեր են նախապատրաստվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG