ԱՄՆ արդարադարտության նախարար Ուիլյամ Բարրը Կոնգրեսին հասցեագրված նամակում հայտնել է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի՝ 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների ենթադրյալ միջամտության հարցով հետաքննության զեկույցը ոչ արդարացնում, ոչ էլ դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփին:
Նախարար Բարրն ասել է նաև, որ Մյուլերի հավաքած ապացույցները բավական չեն «արդարադատությունը խոչընդոտելու մեջ նախագահին մեղադրելու համար»:
ԱՄՆ հետաննությունների դաշնային գործակալության նախկին տնօրեն Մյուլերը 22 ամիս առաջ արդարադատության նախարարության հանձնարարությամբ ստանձնել է հատուկ դատախազի լիազորությունները՝ նպատակ ունենալով պարզել, թե արդյո՞ք ապօրինի գործարք է կայացվել 2016 թվականին հանրապետական թեկնածու Թրամփի, նրա թիմակիցների և ռուսների հանդիպումների արդյունքում:
Հետաքննության ընթացքում Մյուլերի քննիչները տարբեր դրվագներով մեղադրանքներ են ներկայացրել ավելի քան երեք տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Սակայն այդ մեղադրանքներից և ոչ մեկն ուղղակի առնչություն չունի ռուսների հետ համաձայնության հասնելու մասին Թրամփին և նրա թիմակիցներին վերագրվող գործողությունների հետ:
Ենթադրվում է, որ Մյուլերի վարած հետաքննության շրջանակներում նոր մեղադրանքներ այլևս չեն առաջադրվի:
Սպիտակ տունը, Արդարադատության նախարարությունը և Կոնգրեսը պետք է որոշեն, թե ինչ ծավալով է կարելի հրապարակել զեկույցը:
Հանրապետական և դեմոկրատական մեծ թվով օրենսդիրներ պահանջում են զեկույցը հրապարակել ամբողջությամբ:
Նախագահ Թրամփը զեկույցն անվանել է «ամբողջական և վերջնական արդարացում»: