Մատչելիության հղումներ

Մեղրիում մի խումբ զինծառայողներ թույլ են տվել կարգազանցություններ. Արծրուն Հովհաննիսյան


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Մեղրիում ծառայող մի խումբ զինվորների հարազատներն այսօր Պաշտպանության նախարարությունում էին։ Ծնողները պնդում են՝ օրեր առաջ զինվորները սպաներից մեկի վարքը չհանդուրժելով լքել են զորամասը, այնուհետև հրամանատարի հորդորով վերադարձել։ Ծնողների խոսքով՝ նույն օրը կեսգիշերին գունդը շարել են և տասնյակից ավելի զինվորների պատիժը կրելու համար տեղափոխել այլ զորամասեր:

«Մի նոր տեղափոխված սպա կա, իրեն շատ վատ է պահել զինվորների հանդեպ, նրանք էլ՝ ջահել երեխեք, բնականաբար, տաքարյուն։ Իմ իմանալով՝ 600 զինվոր զորամասը լքել, դուրս են եկել Մեղրի, Մեղրու քաղաքապետն է համոզել, հետ ուղարկել զորամաս», - նշեց ծնողներից մեկը։

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ են դուրս եկել, պատասխանեց. «Դե, իրենց ընկերոջը ինչ-որ նեղելու, ոչ մարդկային վերաբերմունք ցույց տալու տվյալ սպայի կողմից»։

Մինչդեռ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան պատմեց՝ օրեր առաջ մի քանի զինծառայողներ փորձել են օրինական կարգերին չենթարկվել, հրամանատարներին իրենց ուզածը պարտադրել։ Ասաց՝ Զինված ուժերում նման կարգազանցություններն ու անհնազանդություններն անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ։

«Ոմանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության և հայկական Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, բոլորը, ըստ էության, առաջնագծի զորամասեր են, իհարկե, օրենքով սահմանված կարգով եթե կան ծառայողներ, ում ծառայության բնույթի համար կան հատուկ պայմաններ՝ ծնողազուրկ և այլն, դա կպահպանվի։ Բայց զորամասը չի լինելու նույնը։ Որպես կանոն՝ իրենք փոքր խմբերով կամ անհատապես տեղափոխվելու են այլ զորամասեր», - ասաց Հովհաննիսյանը:

Հարցին՝ այսինքն, որ միասին էին, դա՞ էր խանգարում, ՊՆ խոսնակը պատասխանեց. «Իհարկե, որովհետև նման բնույթի գործողությունները, որպես կանոն, կատարվում են միասին, էսպես ասած՝ հանցավոր համաձայնությամբ։ Պիտի քանդել նման հանցավոր համաձայնությունը։ Ոմանց դեպքում պատիժ է, ոմանց դեպքում՝ ուղղակի իրավիճակը փոխելու որոշում, որովհետև մարդիկ կան՝ 9 հոգի, որոնց պատիժը դեռ կորոշվի, քանի որ կա քննություն։ Քննությունը կարող է և պարզի որոշակի հանցանք»։

Հովհաննիսյանն ասաց՝ դեպքի կապակցությամբ զորամասի վերադաս հրամանատարությունը ծառայողական քննություն է անցկացրել, և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողներին, այնպես էլ հրամանատարական կազմին։ Մի քանի սպաներ արդեն պաշտոնանկ են արվել։

«Հրամանատարությունը՝ և՛ զորամասի, և՛ իրենց վերադասից էլ հրամանատարներ պաշտոնանկ են արվել, արդեն որոշումը կայացված է։ Մեր խստությունը միայն ուղղված չէ կոնկրետ կարգազանց շարքային զինծառայողին, իր հրամանատարը, իհարկե, թերացել է, որ բանը հասել է դրան, և, բնականաբար, ինքը ևս պետք է պատժվի», - նշեց ՊՆ խոսնակը։

Ծնողները պնդում են՝ Մեղրիում ծառայող իրենց որդիներին տեղափոխել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասեր։ Պաշտպանության նախարարությունից պահանջում էին՝ եթե իրենց որդիները կարգազանցություն են թույլ տվել, ապա թող պատիժը կրեն Հայաստանում։

«Ինձ շատ հետաքրքիր է, թոռնիկս իր անկարգապահ պահվածքը կատարել է Հայաստանի Հանրապետությունում, ինչո՞ւ եք ուղարկել Արցախ։ Ի՞նչ, մենք ռազմական ոստիկանություն չունեի՞նք, ռազմական ոստիկանություն չկա՞ր։ Մեր բողոքը էս է, որ բերեք էստեղ պատժեք», - ասաց ծնողներից մեկը։

Ծնողներն այսօր նաև հարց բարձրացրեցին՝ ինչո՞ւ իրենց նախապես չի զգուշացվել, որ որդիներին տեղափոխում են այլ զորամասեր։

«Կարգազանց են, իրանք փորձում են սեփական կարգեր դնել, սեփական ձևով ապրել, սեփական օրակարգով, սպայական համազգեստով։ Տենց չեն ծառայում», - նշեց Հովհաննիսյանը։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակն ասաց նաև՝ այդ զինծառայողների թվում եղել են անձինք, որոնք նախկինում ևս աչքի են ընկել ոչ պատշաճ բարքով։

«Ձեռքերիս տակ կա փաստաթուղթ, որ էդ զինծառայողներից մարդիկ կան, որոնք ուսումնական ստորոբաժանում են գնացել, չեն կարողացել ծառայել, տարբեր կարգազանցություններ են արել, խախտումներ են արել, պաշտոնանկություն է եղել իրանց համար՝ սերժանտից շարքային կարգավիճակ», - ընդգծեց նա։

Հովհաննիսյանը շեշտում է՝ Զինված ուժերի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող խստագույնս պատժվելու է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG