Մատչելիության հղումներ

Ոչ մի չափանիշի չհամապատասխանող աղբավայրը անտանելի է դարձրել արջուտցիների կյանքը


Արջուտի աղբավայրը, մարտ, 2019թ.
Արջուտի աղբավայրը, մարտ, 2019թ.

Վեցուկես հեկտար աղբանոցի կողքին կյանքն անտանելի է դարձել, ասում են Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակիչները։

Ամեն օր նրանց տների մոտով առնվազն 30 մեքենա աղբ են տանում դեպի գյուղի գլխին անդադար ծխացող աղբավայր։

Վատ ծածկված աղբատարներից գյուղի ճանապարհներին թափվող աղբը՝ մի կողմից, քամու վարելահողեր հասցրած տոպրակները՝ մյուս կողմից, 1500 բնակչի համար իսկական պատուհաս են.

«Սաղ զիբիլի ցելաֆոնները եկած...., յոնջի մեջ՝ ոնց որ յոնջա ցանած չլինի, այլ ցելաֆոնի դաշտ լինի, ցելաֆոն ցանած լինի։ Տուկը բացում ես, անասունի դեմն ես լցնում՝ սաղ ցելաֆոն ա...»։

«Շունչս կտրվում ա, հենց դուրս եմ գալիս, էդ օդը շնչում եմ, վատանում եմ։ Էս փոքր գյուղում ոնց որ ամենաքիչը մի 100 հազար ավտո աշխատի... »:

Արջուտի արդեն 50 տարվա աղբանոցը Հայաստանի մյուս աղբավայրերի նման ոչ մի պահանջվող չափանիշի չի համապատասխանում։ Կենցաղային ու շինարարական թափոնները, անգամ՝ արգելված նյութերով, հասնում են գյուղին ու վարելահողերին կպած այս աղբավայր։

Գյուղապետ Վարդան Մկրտչյանը ցույց է տալիս գյուղի սահմանագիծը. աջ ու ձախ կողմերում աղբակույտեր են։ Ասում է՝ աղբատարների անբարեխիղճ վարորդները դժվարանցանելի ճանապարհը կրճատելու համար հաճախ չեն հասնում աղբավայր, աղբը թափում են ավելի ներքև՝ գյուղի տարածքում։

«Եթե գալիս է վարորդը, դեմը փակ է, ուզի, թե չուզի՝ ինչ-որ տեղ պետք է դատարկի, իսկ նրանք էլ դատարկում են այնտեղ, որտեղ իրենց հարմար է՝ ամենահարմար տեղը գտնում են ստեղ», - նշեց գյուղապետը։

Գյուղ մտած վարոդները չէին հրաժարվում՝ արգելված տեղերում հին ու նոր աղբի բլուրներն իրենց ձեռքի գործն են։

Վարդան Մկրտչյանը բողոքը բողոքի հետևից վերևներ է հասցրել, բնակիչներն անգամ ժամանակ առ ժամանակ աղբատարների առաջ ճանապարհ են փակել։ Բայց, միևնույն է, աղբավայրն ու գյուղի միջով անցնող ճանապարհը պարբերաբար բարեկարգելու պարտավորություն ունեցող «Վանաձորի սանմաքրում» ընկերության սեփականատեր Էդմոնդ Էդարյանն ասում է՝ աղբահանող կազմակերպությունների վճարած գումարները բավարար չեն գործն անելու համար։

Էդարյանը Վանաձորի աղբահանությունն իրականացնող վեց ընկերություններից երկուսի ու միաժամանակ աղբավայրի սեփականատերն է։

«Հողով էլ կարանք փակենք, մենք առաջնային փակել էլ ենք հողով, բայց շատ թանկ է նստել վրես ծախսը», - նշեց «Վանաձորի սանմաքրում» ընկերության սեփականատերը։

Արջուտի գյուղապետի համոզմամբ՝ խնդիրները խորացել են դեռ 2006 թվականից, երբ, ըստ իրեն, անհարկի սեփականաշնորհել են աղբավայրը։

«Շատ մեծ սխալ էր, որովհետև այսօր արդեն տվյալ սեփականատերը մի ուրիշ ձևի ա իրա վերաբերմունքը ցույց տալիս։ Այսինքն, նաև կարող է ասի՝ կուզենամ՝ կթողնեմ, չեմ ուզենա՝ չեմ թողնի», - ընդգծեց Մկրտչյանը։

Աղբանոցում ամեն ինչ տեղի է ունենում առավոտից երեկո՝ այստեղ աղբը տեսակավորող 4-5 աշխատողների ու մշտական բնակիչ դարձած շների աչքի առաջ։

«Ազատության» հարցին, թե աղբը տեսակավորողներին օրական ինչքան աշխատավարձ են տալիս, պատասխանեցին. «Օրը 4-5, դա մեզանից է կախված։ Առավոտը 9-ին գալիս ենք, 4-ին, 5-ին գնում, 3-ին գնում։ Մեզ ամիսը մեկ գալիս են տալիս են։ Անձամբ մեզ Ստյոպն ա տալիս»։

Թե՛ աղբավայրի սեփականատերը և թե՛ Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյան ասացին, որ չեն ճանաչում՝ ովքեր են իրենց պատասխանատվության տակ եղած տարածքում աղբ տեսակավորում, ով է երևանցի Ստյոպը կամ ովքեր են աղբավայրից ամեն օր դուրս հանվող մեծ քանակի ապրանքից գումար վաստակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG