Խորհրդային Միության փլուզումից հետո հայ կինոն շատ բարդ իրավիճակի մեջ ընկավ համընդհանուր ֆինանսական բացակայության, կինոթատրոնների և կինոտարածման ցանցի վերացման և հետագայում ի հայտ եկած մի շարք այլ խնդիրների պատճառով:
Խնդիրներից մեկն էլ նախկինում հեղինակավոր «Հայֆիլմ» կինոստուդիան պահպանելն էր, ինչն այդպես էլ չհաջողվեց: Իրավիճակը չփոխեց անգամ տարիներ առաջ տեղի ունեցած մասնավորեցման գործընթացը, որից 10 տարի անց «Հայֆիլմը» կրկին ստացավ պետական կարգավիճակ, քանի որ 10 տարի շարունակ սեփականատերը ներդրում չէր կատարել՝ է՛լ ավելի խորացնելով հսկայական տարածքի և գույքի անմխիթար վիճակը:
Երեկ կառավարության նիստի ժամանակ քննարկվեց «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքը «Կինոկետ փրոդաքշընս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալման տրամադրելու մասին որոշման նախագիծը:
Կարծես թե, վերջապես, փոքր-ինչ սկսում է ուրվագծվել «Հայֆիլմի» հետագա ճակատագիրը: Բայց, ինչպես ասում են, «Հայֆիլմի» հետ կամ առանց «Հայֆիլմի», մեր կինոգործիչներն այնուամենայնիվ նկարհանեցին իրենց ֆիլմերը, մասնակցեցին ամենատարբեր կինոփառատոների, մրցանակների արժանացան: Այլ խնդիր է, իհարկե, որ մեր հանրությունը հիմնականում հայկական հեռուստասերիալներ է դիտում և հիմնականում անտեղյակ է այդ ֆիլմերից:
Հիմա կրկին կինոգործիչների նոր սերունդ է ի հայտ եկել, կինոյին նվիրյալ երիտասարդներ են, որոնցից երկուսն անցյալ տարի նախագահի մրցանակի են արժանացել:
«Ադապտացիա» խորագրով Երևանի մասին պատմող վավերագրական ֆիլմի համար է Նախագահի մրցանակի արժանացել Մանե Բաղդասարյանը: Սա նրա առաջին ֆիլմն է, որը շուտով նա ներկայացնելու է նաև Մոլդովայում, Միացյալ Նահանգներում, Լատվիայում և Գերմանիայում:
«Հիմա ուրիշ ֆիլմ ունեմ, կոչվում է «Ճայը»: Դա էքսպերիմենտալ է, համադրություն է խաղարկայինի և վավերագրականի: Վաղը ցուցադրվելու է Նարեկացի արվեստի միությունում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:
Իսկ «Երկնքի և երկրի միջև» վավերագրական ֆիլմի համար Նախագահի մրցանակի արժանացած Մանե Գրիգորյանը նույնպես շուտով կներկայացնի իր հաջորդ ֆիլմը: «Ազատության» հետ զրույցում նա շեշտում էր, որ երիտասարդների համար բավական բարդ է ֆիլմ նկարահանելը, բայց պիտի ձգտես անել լավագույնը:
Պատմեց Նախագահի մրցանակի արժանացած իր ֆիլմի մասին․ - «Մարդու միայնակության մասին է: Մի հովիվ պապիկի, որը ապրում է գյուղում ու եկել է այն եզրակացության, որ ինքը այդ տարիքում գոհ չի Աստծուց, որ իրեն էնպիսի ճակատագիր է տվել, որ ինքը միայնակ է մնացել»:
Լավ ֆիլմեր նկարահանելու համար, Գրիգորյանի խոսքով, հարկավոր է նպատակասլաց լինել․ - «Վառված լինի կինոյով: Ինձ թվում է, այդ դեպքում ճանապարհներ միշտ բացվում են»:
Մանե Բաղդասարյանն ասաց․ - «Եթե նյութական խնդիրները հաշվի չառնենք, մեզ մոտ բացակայում է խմբային մտածողությունը կինոյում, որովհետև Հայաստանում նկարահանվող ֆիլմերի մեծ մասում թիմային աշխատանք չկա»: