Մատչելիության հղումներ

1998-ի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում


Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյան, արխիվ
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրականացվում է քննություն պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կողմից մատնանշված՝ Հոկտեմբերի 27-ի գործին առնչվող մանրամասների և Նաիրի Հունանյանի՝ Ազգային անվտանգության ծառայության գործակալ լինելու պնդման վերաբերյալ:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր հայտարարել է, որ տվյալ հարցերի շուրջ քննությունն իրականացնում է ՀՔԾ-ն:

Մինչդեռ ՀՔԾ մամուլի խոսնակը «Ազատությանը» փոխանցեց, որ ծառայությունում նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով: «Ինչ վերաբերում է բաց նամակում նշված մնացած հանգամանքներին, ապա դրանք մեր իրավասության շրջանակներում չեն», - ասաց Օհանջանյանը:

Հիշեցնենք, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում Վահան Շիրխանյանը, մասնավորապես, գրել է․ - «1998թ. 30-ը մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Շիրխանյանը կրկին պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանը կեղծել է 1998 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, և պատրաստ է այդ մասին ցուցմունք տալ ՀՔԾ-ում:

Շիրխանյանը վստահ է, որ իր մյուս հայտարարությունների, այդ թվում Հոկտեմբերի 27-ի գործին առնչվող պնդումների վերաբերյալ նույնպես առաջիկայում գործեր կհարուցվեն․ - «Համարում եմ, որ բաց նամակի բոլոր կետերով պետք է գնան քննություններ, պարզեն և պատժեն՝ ամենայն խստությամբ»:

«Ազատություն»․ - Դուք շարունակում եք Քոչարյանին մեղադրել ընտրությունները կեղծելու մեջ և պատրաստ եք ցուցմունք տալ այս մասով:

Շիրխանյան․ - Իհարկե։

«Ազատություն»․ - Ինչո՞ւ պետք է հետևեն, օրինակ Հոկտեմբերի 27-ի հետ կապված Դուք մանրամասներ էիք նշել: Կարծում եք, այդ մասով նույնպե՞ս քրեական գործեր կլինեն:

Շիրխանյան․ - Այո, կարծում եմ:

«Ազատություն»․ - Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակալ է:

Շիրխանյան․ - Այո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG