Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) հարցաքննության՝ 2016-ի օֆշորային սկանդալի գործով, «Ազատության» հարցմանն ի պատասխան ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Օհանջանյանի խոսքով, Պողոսյանը չի ներկայացել հարցաքննության՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։
Պողոսյանն առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, ինչը մերժվել է, քանի որ, ըստ ՀՔԾ խոսնակի, այդպիսի ընթացակարգ օրենքով նախատեսված չէ։
Վարույթն իրականացնող մարմինը Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով հայտնել Հայաստան վերադառնալու ժամկետները։
Այլ մանրամասն չի հաղորդվում։
ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին վերսկսել է այս գործի վարույթը։ Քրեական գործը հարուցվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։ Դրա համար հիմք էր հանդիսացել «Հետք»-ի հրապարակումն այն մասին, որ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով բիզնես է արել, պաշտոնն օգտագործել է սեփական գործի զարգացման համար՝ թաքցնելով եկամուտները։
Միհրան Պողոսյանի ու նրա բարեկամների անունները հայտնվել էին ներկա ու նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունների կողքին:
Քրեական գործի հարուցումից մեկ ամիս անց Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնից։
2017-ի հունվարին, երբ կարճվել էր քրեական գործը, «Ազատության» հետ զրույցում Միհրան Պողոսյանը թյուրիմացություն էր որակել այն:
«Ես ի սկզբանե ներկայացրել եմ փաստաթուղթ, որում սևը սպիտակով գրված է եղել, որ այդ ամենը թյուրիմացություն է և ճիշտ ինֆորմացիա չէ, և բազմաթիվ մարդիկ այդ ամիսների ընթացքում հարցաքննվեցին», - նշել էր Պողոսյանը։
Գործի կարճումից երկու ամիս անց՝ 2017-ի ապրիլին, Պողոսյանը Հանրապետական կուսակցության ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրվեց:
Իրավապահներն այն ժամանակ պնդում էին, որ գործը ընթացք չստացավ՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Հատուկ քննչական ծառայությունն էլ հաղորդել էր, որ մամուլում հրապարակված ընկերությունների, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող ժամանակահատվածում ԴԱՀԿ ապահովող ծառայության հետ համագործակցած մյուս կազմակերպությունների աշխատակիցների ցուցմունքներով և նախաքննության ընթացքում կատարված քննչական այլ գործողությունների արդյունքում չի հիմնավորվել Միհրան Պողոսյանի կողմից Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող որևէ կազմակերպության գործունեությանն ապօրինի մասնակցելու հանգամանքը:
«Պանամական փաստաթղթերի» միջազգային հետաքննությանը մասնակցած «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն 2017-ին «Ազատությանը» հայտնել էր, որ քննչական մարմինն իրենցից նույնիսկ չի պահանջել այն փաստաթղթերը, որոնցով կապացուցվեր Պողոսյանի ապօրինի գործունեությունը: