Մատչելիության հղումներ

Դաշնակցական գործիչը քննադատում է ԱԺ-ի պասիվությունը, «Իմ քայլ»-ի պատգամավորը վստահեցնում է՝ հետո լինելու է «փոթորիկ»


Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը, Երևան, 14-ը հունվարի, 2019թ․
Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը, Երևան, 14-ը հունվարի, 2019թ․

Նոր խորհրդարանում ֆեյսբուքյան ակտիվությունից, հայտարարություններից օրինաստեղծ գործունեության անցնել չեն շտապում: Ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն ստացած «Իմ քայլը» խմբակցության շատ պատգամավորներ դեռևս չեն պատկերացնում իրենց առաքելությունը: Այսպիսի տպավորություն ունի նախկին պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

«Ձևավորված խորհրդարանը, բնականաբար, դեռևս իրեն չի զգում որպես օրինաստեղծ մարմին: Այն, որ երիտասարդները շատ են, և կան իսկապես նաև լավ երիտասարդներ, անփորձությունը դեռևս իր էական ազդեցությունը թողնում է խորհրդարանում», - ասաց Մինասյանը:

Հեղափոխությունից հետո ձևավորված խորհրդարանը երկրորդ նստաշրջանն է սկսել՝ հին օրենքներում փոփոխություններ հաստատելով: Չորս ամիս առաջ ձևավորված Ազգային ժողովը մինչ այս պահը ամբողջությամբ երեք նախագիծ է հաստատել, որից երկուսի հեղինակը կառավարությունն է: Իսկ երկրորդ նստաշրջանի առաջին քառօրյան մեկուկես օր տևեց՝ աննախադեպ աղքատ օրակարգի պատճառով: Ազգային ժողովի գործունեության մոնիթորինգով զբաղվող ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը ծրագրի յոթնամյա գործունեության ընթացքում առաջին անգամ է այսպիսի վիճակագրություն արձանագրում:

«Մի ծայրահեղությունից հայտնվել ենք մեկ այլ ծայրահեղության մեջ: Ինչ խնդիրների մասին խոսել ենք որպես վտանգ, մարտահրավեր, դրանք չկան, բայց կա հակառակ ծայրահեղությունը՝ էսպես շատ աղքատիկ օրակարգ, և չենք ունեցել նման ցուցանիշ, երբ նոր գումարման խորհրդարանը իր բուն օրենսդրական աշխատանքը, այսինքն՝ երկրորդ նստաշրջանը սկսի այսքան սահմանափակ թվով օրենսդրական նախաձեռնություններով: Մի ծայրահեղությունից մյուսում ենք հայտնվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վասիլյանը:

«Պառլամենտ մոնիտորինգ» կայքում Արծվիկ Մինասյանը ակտիվ պատգամավորների շարքում է եղել: Ազգային ժողովի նոր պատգամավորներին խիստ չի դատում, բայց քննադատելուց խուսափել չի կարող: Ի վերջո, իրենց իսկ հռչակած տնտեսական հեղափոխությունն առանց օրենսդրական բարեփոխումների կյանքի կոչվել չի կարող:

«Ես ուզում եմ քննադատաբար մոտենամ էն հայտարարություններին, որ առանձին պատգամավորներ, ընդհուպ՝ Ազգային ժողովի ղեկավար կազմից, դեռևս իրենց պատկերացնում են փողոցում, ժողովրդական շարժման ակունքներում: Արդեն էդ ժամանակն անցել է: Կա այդ հնարավորությունը, կա այդ լծակը, և Սահմանադրությամբ, օրենքով իրենք պարտավոր են օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ: Պետք է թողնեն հրապարակախոսական էն մոտեցումները, կամ պահի ազդեցությամբ ինչ-որ հայտարարություն անելը, այլ փորձեն վերլուծական և լուրջ օրենսդրական նախաձեռնությունների ուղղությա՛մբ աշխատանք կատարել», - ընդգծեց Մինասյանը:

Իշխանական «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետհեղափոխական խորհրդարանի պասիվությունն այսպես է մեկնաբանում․ - «Էս հանդարտությունը էդքան մի միարժեք գնահատեք, որովհետև հանդարտությունից հետո երևի կլինի փոթորիկ՝ հենց էդ ակտիվության առումով»:

Նախկին գումարման Ազգային ժողովը երկրորդ նստաշրջանում ընդունած օրենքների քանակով ռեկորդ է սահմանել, քառօրյան էլ սկսել մի քանի տասնյակ օրենսդրական նախագծով: «Նախկին իշխանությունները էդպիսի մեծ պրակտիկա ունեին՝ որպեսզի ցույց տային, որ ծավալուն աշխատանք են իրականացնում, շատ անորակ օրենքներ էին մշակում և անցկացնում, և շատ դեպքերում օրենքները միտված էին կոնկրետ Սերժ Սարգսյանի իշխանությանը սպասարկելուն՝ կոնկրետ անձի, ինչպիսին, ասենք, նույն էսօրվա մեր Կանոնակարգ օրենքն է, Սահմանադրության փոփոխությունը», - շեշտեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:

Արծվիկ Մինասյանն էլ է դեմ, որ նախկին իշխանության օրինակով՝ գործող խորհրդարանը ստանձնի կառավարության նախագծերը «դակողի» առաքելությունը․ խորհրդարանը պետք է լծվի օրենքներ հեղինակելուն:

«Ավանդաբար կառավարությունն է՝ որպես օրինագծերի հեղինակներից մեկը, միշտ ակտիվ եղել, շարունակվում է այս նույն իներցիան: Բայց ժամանակն է արդեն, որպեսզի խորհրդարանի պատգամավորները, այդ թվում նաև՝ խմբակցությունները, ու հատկապես խոսքը գնում է իշխող քաղաքական ուժի մասին, ու նաև հանձնաժողովները առավել ակտիվ դերակատարություն ունենան օրինաստեղծ աշխատանքի ուղղությամբ», - ասաց դաշնակցական գործիչը:

«Մշտապես խոսում էինք կառավարության խիստ մեծաթիվ նախաձեռնությունների՝ 90/10 տոկոս է հարաբերակցությունը, այսինքն՝ առյուծի բաժինը միշտ օրենսդրության, օրինաստեղծ քաղաքականությունը մշակելու ավանդաբար եղել է կառավարությանը, և խորհրդարանն այսպես շատ համեստ մասնաբաժին է ունեցել: Մշտապես սա էինք որպես խնդիր նշում», - ասաց խորհրդարանի մոնիթորինգով զբաղվող Լուսինե Վասիլյանը:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքի՝ այս պահին օրենսդրական նախագծերի 95 փաթեթ կա, բայց օրակարգում ընդգրկված չեն: Ինչպես նախորդ գումարման Ազգային ժողովում, այժմ էլ նախաձեռնությունների գերակշիռ մեծամասնության հեղինակը կառավարությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG