Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ


Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և շնորհավորել նրան պաշտոնը ստանձնելու առթիվ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթներն ապագայում էլ կշարունակեն ծառայել իբրև վստահելի հիմք Հայաստանի ու Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացման ու խորացման համար:

Նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մաղթել է քաջառողջություն ու հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:

Հանրապետության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Տոկաևին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ:

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր խթան հաղորդել մեր երկրների միջև միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը», - ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:

Հետխորհրդային տարածքի ամենաերկարակյաց ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը օրերս հայտարարեց հրաժարականի մասին, բայց չհեռացավ քաղաքականությունից՝ 78-ամյա Նազարբաևը կղեկավարի Ղազախստանի Անվտանգության խորհուրդը:

Նախագահի հերթական ընտրությունները նշանակված են 2020-ին: Նազարբաևի հրաժարականից հետո արտահերթ ընտրություններ չեն անցկացվի՝ Տոկաևը երկիրը կղեկավարի առնվազն մինչև հաջորդ ընտրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG