Մատչելիության հղումներ

Պատրաստվում ենք հարկերի բեռը նվազեցնել, որովհետև դրա մեջ ենք տեսնում տնտեսության աճի բանալին. Ջանջուղազյան


Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան, արխիվ
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան, արխիվ

«Պատրաստվում ենք ուղղակի հարկերի բեռը նվազեցնել, որովհետև դրա մեջ ենք տեսնում տնտեսության աճի բանալին», - այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Մենք պատրաստվում ենք ուղղակի հարկերի բեռը նվազեցնել, որովհետև դրա մեջ ենք տեսնում տնտեսության աճի բանալին, իսկ ուղղակի հարկերի նվազեցումը առնվազն կարճաժամկետ և միջինժամկետ հատվածում ենթադրում է ռիսկ, որ պակաս պետական բյուջեի եկամուտներ կհավաքվեն, հետևաբար էդ պակաս հավաքված եկամուտները ենթադրվում է, որ չեն կարող ուղղակիորեն հանգեցնել ծախսերի նվազեցման։ Քանի որ մենք նաև ունենք պարտքի սահմանափակում, դրա ճանապարհը՝ որ մենք շեշտադրումը պետք է տեղափոխենք կապիտալի և եկամուտի հարկումից սպառման հարկերի», - ասաց Ջանջուղազյանը։

Ֆինանսների նախարարը նշեց, որ սպառման հարկերի մեջ դիտարկել են հնարավոր բոլոր տարբերակները, և նպատակահարմար է գտնվել ձեռնպահ մնալ հիմնական եկամտի աղբյուր հանդիսացող ավելացված արժեքի հարկի դրույքաչափին ձեռք տալուց, քանի որ դա երկրի մրցունակության տեսակետից ռիսկեր է պարունակում։

«Ճանապարհը մնացել է ոչ էդքան շատ մեծ, դա սպառման հարկերի մեջ ակցիզային հարկերն են և գործունեության առանձին տեսակներ, որոնց հարկային բեռները կարող են վերանայվել։ Կա էդպիսի բան, որ ավելացել է ավելի շատ, քան թե մեկ ուրիշն է ավելացել։ Մեկը ավելացել է ենթադրենք 10 անգամ, մեկը ավելացել է 60 անգամ։ Լավ է, թե՝ վատ, այլ հարց է», - ընդգծեց նա։

Ջանջուղազյանը հավելեց, որ վերաբաշխում կարող է լինել. «Ցանկացած փոփոխություն կարող է փոխել սպառողի վարքագիծը և հետևաբար դա կարող է ազդել այս կամ այն մի գործունեության տեսակի կամ էդ գործունեության տեսակով զբաղվող մի սուբյեկտի վրա։ Հնարավոր չի ունենալ մի կարգավորում, որը բոլորին հավասարապես ազդի կամ բոլորը հավասարապես գոհ լինի դրանից»։

«Ազատության» հարցին՝ հարկային բեռը հնարավո՞ր է նվազեցվի դժգոհություններով պայմանավորված, նախարարը պատասխանեց. «Քանի որ քննարկումները դեռ ավարտված չեն, ապա հնարավոր է որևէ ուղղությամբ՝ և՛ նվազելու, և՛ փոխվելու։ Քննարկման փուլում գտնվող հարցի հետ կապված դա կլինի ոչ թե կանխատեսում, այլ գուշակություն, որը չեմ անի»։

Հարցին էլ, թե Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ե՞րբ կուղարկվի խորհրդարան, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց՝ մոտ ժամանակներս։

«Առաջիկա շաբաթվա մեջ, միգուցե», - ասաց ֆինանսների նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG