Մատչելիության հղումներ

Պոեզիայի համաշխարհային օրը նշվում է նաև Հայաստանում


Ճիշտ 20 տարի է, որ մարտի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշվում է որպես Պոեզիայի համաշխարհային օր:

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի ընթացքում է որոշում կայացվել մարտի 21-ը տոնել որպես Պոեզիայի համաշխարհային օր: Որոշման մեջ նշված է , որ «պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու ամենասուր և խորը հոգևոր հարցերին, բայց դրա համար պետք է որքան հնարավոր է հասարակական մեծ ուշադրություն ստեղծել նրա նկատմամբ»:

Ի դեպ, այս տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակը, ապա այն տարածվել է ողջ աշխարհում:

Հայաստանում Պոեզիայի համաշխարհային տոնը սկսել է նշվել 2010 թվականից և տարեցտարի նորանոր մշակութային օջախներ են ամենատարբեր միջոցառումներով հանդես գալիս․ թանգարաններում, գրադարաններում, դպրոցներում, մշակույթի կենտրոններում, գրախանութներում և այլուր տեղի են ունենում հանդիպումներ պոետների հետ, գրքերի շնորհանդեսներ, բարձրաձայն ընթերցումներ, ֆլեշմոբեր և այլն:

Հայաստանի գրողների միությունն այսօր հյուրընկալել էր մի խումբ ռուս բանաստեղծների, ովքեր հատուկ այս օրվա կապակցությամբ էին Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանել Երևան:

Հանդիպման ընթացքում հայ գրողների հետ միասին նրանք խոսեցին մեր օրերում պոեզիա դերի մասին՝ անդրադառնալով գրող - ընթերցող հարաբերություններին, հրատարակչական խնդիրներին և այլ հարցերի: Ռուս բանաստեղծները շեշտեցին, որ բոլոր ժամանակներում պոեզիան ունեցել է և կունենա իր կարևոր նշանակությունը մարդու հոգևոր զարգացման հարցում:

ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով, ամեն տարի Գրողների միությունը պոետական նոր ժողովածուներով է նշում այս օրը՝ թե՛ մեր պոետների, թե՛ թարգամանական պոեզիայի ժողովածուներ ներկայացնելով․ - «Պոեզիայի միջազգային օր ասելով մենք միշտ մեր մտքում ունենք մեր պոեզիայի թարգմանիչներին, մեր ժողովրդի հետ բարեկամական, գրական սիրով կապված աշխարհի գրողներին»:

Ավագ սերնդի բանաստեղծ Արևշատ Ավագյանն ասաց․ - «Աշխարհը բանաստեղծական խոսքի կարիք է զգում: Երբ նայում ենք համացանցում, ֆեյսբուքյան տարածության մեջ, իսկապես բանաստեղծությունը ապրում է, շատ լավ ստեղծագործություններ են տպվում»:

«Ամեն անգամ էս դահլիճում մենք նորից բարձրացնում ենք պոեզիան ի տես բորորին: Պոեզիան միևնույն է հաղթանակելու է», - ասաց Գրողների միության հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը:

«Ազատության» հետ զրույցում անդրադառնալով պոեզիայի դերին հայ ժամանակակից իրականության մեջ, բանաստեղծուհի, արձակագիր Արփի Ոսկանյանը շեշտում էր, որ նախկինի համեմատ պոեզիայում նույնպես իրավիճակ է փոխվել․ - «Պոեզիան դադարել է լինել առանձին պոետների և առանձին գրողների մենաշնորհը: Այսինքն երբեք չի եղել, միշտ էլ մարդիկ գրել են, բայց իրենց հավակնությունները զսպել են, համենայն դեպս չեն ներկայացել իբրև պոետ: Իսկ այսօր այդ ազատությունը կա, այդ ազատությունը տալիս են սոցիալական ցանցերը, և ամեն առաջարկ գտնում է իր հասցեատիրոջը»:

Ոսկանյանը գրողներին տոկունություն ու կամք մաղթեց․ - «Հեշտ է ինչ-որ գործ անել ու գրականությամբ զբաղվել ձեռի հետ, բայց դնել բոլոր մյուս գործերը մի կողմ, բոլորը դարձնել երկրորդական և գրականությունը՝ առաջնային ու ապրել էդպես․․․ իհարկե շատ մեծ նվիրում է պահանջում և բավականին բարդ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG