Մատչելիության հղումներ

Հետայսու ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Քաղաքացու օր


Հայաստան, Երևան, ապրիլ, 2018թ․
Հայաստան, Երևան, ապրիլ, 2018թ․

Կառավարության այսօրվա որոշմամբ` հետայսու ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է որպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»: «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» առավոտյան լրացում կատարելով՝ գործադիրը նաև հավելել է՝ իսկ այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվան, որպես Քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին: Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը», - նշված է գործադիրի այսօրվա որոշման հիմնավորման մեջ, ուր այնուհետև կարդում ենք․ - «Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռնի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»:

Կառավարության որոշմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրելով. «Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի և պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին էր բուն հեղափոխությունը: Իսկ թե հատկապես ինչպես է պետք նշել այդ օրը՝ կարծում եմ պիտի որոշվի նաև հանրային, համացանցային քննարկումների արդյունքում»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց նման օր սահմանելը:

«Անցած տարվա իրադարձությունները և էն օրը, որ պետք է նշենք, Անկախության տոնից հետո երկրորդ ամենահիշարժան օրն է մեր նորանկախ պետության պատմության ընթացքում, և մենք դա արձանագրում ենք, բայց միևնույն ժամանակ չենք ֆիքսում կոնկրետ օրը։ Կոնկրետ օրը ֆիքսելու անհրաժեշտությունը, եթե հաջորդ կառավարությունները կամ տարիներ անց որևէ կառավարություն կցանկանա, նոր կֆիքսի», - ասաց Հարությունյանը։

«Ազատության» հարցին՝ «մամուլում գրվում էր, որ կապված է Սերժ Սարգսյանի հրաժարականի օրվա հետ՝ ապրիլի 23-ին, մինչդեռ այսօր ընդունված որոշման մեջ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, Դուք կապո՞ւմ եք դա Սերժ Սարգսյանի հետ», ԿԳ նախարարը պատասխանեց. «Էս ժամանակացույցով ապրիլի 23-ի հետ չի համընկնելու»։

Հարցին էլ, թե ինչո՞ւ ընտրեցին ապրիլի վերջին շաբաթը, Հարությունյանն արձագանքեց. «Որպեսզի լինի նաև հանգստյան օր, որպեսզի լրացուցիչ հանգստյան օր չունենանք, որովհետև ապրիլ-մայիսի միջնամասում էր տեղի ունեցել այդ իրադարձությունները, հիմնական իրադարձությունները ապրիլի վերջում էին, դրա համար ընտրեցինք։ Ես կարծում եմ, որ ամենամեծ, էսպես, մասսայական միջոցառումները եղել են նաև ապրիլի 23-ին, բայց նաև մայիսի 2-ին»։

2018 թվականի ապրիլի 23-ին՝ բողոքի բազմահազար ակցիաների արդյունքում Հայաստանի այն ժամանակվա վարչապետ, 2008-2018 թվականներին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց՝ նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից անմիջապես հետո՝ որպես վարչապետ պաշտոնավարելով ընդամենը մեկ շաբաթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG