Մատչելիության հղումներ

Կառավարության որոշմամբ, ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»


Կառավարության շենքը Երևանում
Կառավարության շենքը Երևանում

Կառավարության այսօրվա որոշմամբ, ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է որպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր», իսկ այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա Քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Որոշման նախագիծը նախապատրաստել է Արդարադատության նախարարությունը։

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին: Տեղի ունեցող ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին: Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը: Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռնի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»,- նշված է «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին Կառավարության այսօրվա որոշման հիմնավորման մեջ։

2018-ի ապրիլի 23-ին՝ բողոքի բազմահազար ակցիաների արդյուքնում Հայաստանի այն ժամանակվա վարչապետ, 2008-2018թթ. հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց՝ նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից անմիջապես հետո՝ որպես վարչապետ պաշտոնավարելով ընդամենը մեկ շաբաթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG