Մատչելիության հղումներ

Էթիկայի հանձնաժողովն արձանագրել է խախտումներ Դավիթ Սանասարյանի կողմից


Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մարտի 18-ին որոշում է կայացրել, ըստ որի, Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել Հանրային ծառայության մասին օրենքի էթիկայի կանոնի խախտում, «այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»:

Հանձնաժողովը գտել է, որ «Սանասարյանի վարքագիծը՝ նրա կողմից արված հրապարակային հայտարարությունները և գրառումը չեն նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորման՝ հետևյալ պատճառաբանությամբ՝ Սանասարյանի դրսևորած վարքագիծը նախադրյալներ է ստեղծել իր՝ որպես պաշտոնատար անձի կողմից ոչ օբյեկտիվ լինելու վերաբերյալ մտայնության ձևավորման համար, քանզի Պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի պետական համալսարանում իրականացվող ուսումնասիրությունների առնչությամբ նրա՝ վերը մեջբերված հրապարակային հայտարարությունները և գրառումը ողջամտորեն կարող են ընկալվել և մեկնաբանվել որպես կանխակալ վերաբերմունք դրսևորում և «ուժի ցուցադրում»։

Նշենք, որ հանձնաժողովին դիմում էր ներկայացրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ պնդելով, որ Սանասարյանն արել է հրապարակային հայտարարություններ, որոնք հանգեցրել են էթիկայի կանոնների կոպտագույն խախտումների։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլ Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցել էր վարույթ՝ Սանասարյանի կողմից էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով, մասնավորապես, քննելու՝ արդյոք Սանասարյանն իր գործունեությամբ նպաստել է զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Դավիթ Սանսարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե համաձայն չէ Էթիկայի հանձնաժողովի որոշման հետ և այն վիճարկելու է դատական կարգով։

«Մենք հիմնավորում ունենք, որ էդ վարույթը նախ պետք է չհարուցվեր, երկրորդը՝ էն հիմնավորումները, որ կան, մեզ համար հիմնավոր չեն», - ասաց ՊՎԾ պետը։

Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ Երևանի պետական համալսարանում հայտնաբերվել են ավելի քան 800 միլիոն դրամի չարաշահումներ:

Դեպքերի առթիվ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Գործը Ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե: Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG