Կեղծ մրցույթներով ու աճուրդներով նախկին պաշտոնայնների ձեռք բերած հարյուրավոր հեկտարների օրինականությունը պատկան մարմիններն ուսումնասիրում են․ - «Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ սա ընդունված ավանդույթ է եղել, երբ պաշտոնյաները պաշտոնը ստանձնելուց հետո իրենց պարտքն են համարել սկսել ազատ տարածքների սեփականաշնորհման, «փայ-փայ» անելու գործընթացը»:
Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, այժմ կալանավորված Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում իրականացված ստուգումներից որոշ տվյալներ հայտնի են:
Նախարարի փոխանցմամբ՝ ըստ նախնական եզրակացության, աճուրդները օրենքով սահմանված կարգով չեն անցկացվել․ - «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության իրավական և վարչական վերահսկողության վարչությունը ուսումնասիրություններ է կատարում այս պահին Տավուշի մարզի Դիլիջան, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արշալույս, Հայթաղ, Գրիբոյեդով, Արտիմետ, Պտղունք, Ծաղկալանջ, Ակնակիճ, Մեծամոր համայնքներում: Այս համայնքներում առկա են հողատարածքներ, որոնք հասնում են տասնյակ հեկտարների, ընդհուպ հարյուրավոր հեկտարների, որոնք պատկանում են տարբեր մարդկանց, և որոնց սեփականության վկայականները հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում»:
Նախկին ոստիկանապետ, Հանրապետական Ալիկ Սարգսյանի 7 նրա խնամու՝ Ռանչպարի գյուղապետ Մանուկ Օհանյանի անվան հետ կապվող ավազի հանքերն էլ չեն շրջանցվել: Արարատի մարզի Ռանչպար գյուղի ավազի հանքի շահագործման թույլտվության փաստաթղթերն էլ են ստուգվում. - «Ինչ վերաբերում է ավազի հանքերին, սա նույն պաշտոնյաների պաշտոնեական դիրքի չարաշահման շրջանակներում է, գուցե նաև տարբեր կեղծ աճուրդների: Ես ուղղակի նախկին փորձը հաշվի առնելով՝ կարծում, որ հավանաբար սրա շրջանակներում է: Դեռ ուսումնասիրություն է պետք»:
Պապիկյանը նշեց, որ այս շարքում է Մեղրիի ազատ տնտեսական գոտին․ մինչև առևտրային գոտի դառնալն արդեն բիզնես գործունեության նպատակներով նախկին պաշտոնյաները հողատարածքները «սեփականաշնորհել են լումաներով»․ - «Սա ազգային անվտանգության և պետական շահի խնդիր է»:
Խնդրին նախօրեին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ասել էր՝ հորդորել են սեփականատերերին ինքնակամ այդ տարածքները վերադարձնել պետությանը, բայց նրանք հրաժարվել են: Այժմ իրավապահները ստուգում են չնչին գումարով այն սեփականցնելու հիմքերը:
«Թե՛ Տարածքային կառավարման նախարարությունը, թե համապատասխան գերատեսչությունները հիմա քայլեր անում են ու անելու են՝ այդ ամենը վերհանելու ու Հայաստանի Հանրապետության սեփականությունը մեր ժողովրդին վերադարձնելու: Սա անկասելի գործընթաց է լինելու»:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի օրակարգում է նաև մարզպետարանների ուռճացված հաստիքացուցակների կրճատումը: Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծն ընդունելուց հետո բոլոր մարզպետները կունենան մեկական տեղակալ: Այլ կրճատումներ ևս կլինեն:
Կադրային կրճատումներն անխուսափելի են նախարարությունների օպտիմալացման դեպքում: Օրենքն ընդունելուց հետո Սուրեն Պապիկյանի լիազորություններն ընդլայնվելու են: Տարածքային կառավարման նախարարությանը կմիանան նաև էներգետիկայի, տրանսպորտի եւ պետական գույքի կառավարման ոլորտները․ - «Երբ տեղի կունենա վերակազմավորում, գերատեսչության ղեկավարը առանց հորդորելու իրավունք կունենա պարզապես մեր գործընկերներին ասել, որ այլևս նպատակահարմար չի համարում իր հետ աշխատելը, որովհետև չի համապատասխանում իր պաշտոնին կամ դիրքին: Բայց սա կարող է լինել միայն այն դեպքում, երբ տվյալ պաշտոնյան չի համապատասխանում իր դիրքին, բայց չի կարող լինել կուսակցական կամ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով»:
Պապիկյանն այդպես էլ հստակ չնշեց գերատեսչությունների միավորման արդյունքում քանիսը աշխատանք կկորցնեն: ԲԱյց արդեն գիտի, թե ովքեր չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոններին․ - «Մեր գերատեսչությունում էլ կան անձինք, ովքեր իրենց դիրքին չեն համապատասխանում: Խորհուրդ եմ տալու մեր գործընկերներին իրենց ուժերը փորձել այլ տեղերում, որովեհտև վստահ եմ, որ իրենք ունեն այդ պոտենցիալը: Պարզապես ճիշտ տեղում չեն փորձում դա իրացնել»:
Պապիկյանը հայտարարեց, թե ինքն էլ կհրաժարվի իր պարտավորություններից՝ եթե չկարողանա դրանք կատարել ըստ արժանվույն:
Բայց մի քանի գերատեսչության ղեկավարի պարտավորությունները ստանձնելուց չի վախենում․ - «Ես մարտահրավերներ սիրում եմ»:
Սուրեն Պապիկյանը դեմ է սուպերնախարար ձևակերպմանը՝ անկախ լիազորությունների շրջանակից: Նախկին իշխանությանն է հիշեցնում․ - «Դա նախ ասոցացվում է հին իշխանությունների վատ կրողների հետ, որովհետև մենք գիտենք, թե ինչ սուպերնախարարներ ենք ունեցել»: