135 միլիոն դրամ պարտք ունեցող Վանաձորի բժշկական կենտրոնի ղեկավարումն ստանձնած Վահագն Մկրտչյանը խոստանում է «ապականված» բուժհաստատությունը խելքի բերել, վերացնել անարդարության մթնոլորտն ու ստվերային գումարները «սպիտակ» դրամարկղ հասցնել։
«Ես խոստանում եմ՝ այս հիմնարկի գործը կդնեմ այնպիսի մի հատ հիմքի վրա՝ ռելսերի, որ ինձանից հետո ով էլ լինի, այս հիմնարկը չկարողանա ապականել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մկրտչյանը:
Երկու ամիս առաջ տնօրենի պաշտոնակատար նշանակված երիտասարդ բժիշկն ասում է, որ առնվազն 5 միլիոն դրամի անիմաստ ծախսեր է կրճատել՝ ուռճացված ապարատից ու չարդարացված պարգևավճարներից մինչև անօգուտ ծառայություններ․ - «Հանել եմ այն անիմաստ ծառայությունները, որոնք որ, ինչ-որ պայմանագրեր են եղել՝ ինչ-որ թերթերի, ամսագրերի հետ պայմանագրեր, որ էդ թերթերը ոչ կարդացվել են, ոչ էդ ամսագրերը ինչ-որ մեկին պետք են եղել, ու տենց մի շարք անիմաստ ծառայություններ»։
Տնօրենի պաշտոնակատարը ձեռքի տակ մի գրություն ունի, ըստ որի՝ նախկին տնօրենը անցած տարի դիմել էր մարզպետին ու կառավարությանը, նշել, որ բժշկական կենտրոնի նորակառույց շենք տեղափոխվելուց հետո ամեն ամիս հավելյալ 31 միլիոն դրամ հարկավոր կլինի ջեռուցման ծախսը փակելու համար։ Նորանշանակ ղեկավարին զարմացրել են նախկինում արված հաշվարկները. նոր շենքում ձմռան յուրաքանչյուր ամսվա ջեռուցման ծախսը չի անցել 5 միլիոն դրամից՝ ներկայացվածից 6 անգամ պակաս։
«Դա բոլորիս մատուցվել է տարիներ շարունակ, որ, այո, շենքը մեծ է, պահպանման ծախսերը պետք է շատ լինեն՝ ջեռուցում, ջուր, հոսանք և այլն․․․», - նշեց Վահագն Մկրտչյանը:
Դեռևս նորակառույց բժշկական կենտրոնի բացումից առաջ՝ առողջապահության նախարարի Վանաձոր այցի ժամանակ, նախկին տնօրենը հարց բարձրացրեց, թե ձմռան ամիսներին նոր շենքում միայն կոմունալ ծախսերը կավելանան 55 միլիոն դրամով։ Նախարար Արսեն Թորոսյանը չբացառեց, որ հիվանդանոցը հավատարմագրային կառավարման կհանձնեն որևէ մասնավոր ընկերության, քանի որ կասկածներ ուներ, որ պետությունը չի կարող ստանձնել առանց այն էլ մեծ պարտքեր ունեցող հաստատության ֆինանսական բեռը։
Այսօր Վահագն Մկրտչյանը նշում է, որ ընդամենը երկու ամսում 135 միլիոն դրամի պարտքը կիսով չափ կրճատել են, և վստահեցնում է, որ լավ կառավարման դեպքում կարճ ժամանակում կփակի հիվանդանոցի բոլոր պարտքերն ու մեծ օգուտներ կապահովի։
«Այս գումարներով, ինչքան տալիս է մեզ պետությունը և մենք տեղում կարող ենք գոյացնել, ես այս պահին կարող եմ վստահաբար ասել, որ այս հիմնարկը պետք է աշխատի նորմալ ֆինանսական կայուն վիճակում։ Պետք է տամ, պահանջեմ և վերահսկեմ», - ասաց տնօրենի պաշտոնակատարը:
Վահագն Մկրտչյանին անհասկանալի է նախկինից մնացած 18 միլիոնի պարտքը բժշկական կենտրոնի արհմիությանն ու առողջապահական հիմնադրամին։ Աշխատավարձերից գանձած գումարներն աշխատակիցների աջակցության համար ստեղծված կառույցներին հատկացնելու փոխարեն անհայտ նպատակներով են ծախսվել: Համենայն դեպս, բժշկական կենտրոնի հաշվապահական որևէ փաստաթղթում այդ մասին նշում չկա։
«Այդ գումարները գանձվել են և միգուցե կոմունալ վճարներ ա վճարվել, կամ ապրանքներ են, չգիտեմ ես, չեմ կարող պատասխանել՝ ինչ ա արվել։ Կա պարտք, բայց չկա գումար», - նշեց բուժհաստատության ղեկավարը:
Նշենք, որ անցած տարի հարուցվել է քրեական գործ Լոռու մարզի առողջապահական, կրթական և մշակույթի ոլորտների ավելի քան տասը տարի գործած երեք հիմնադրամներում հայտնաբերված չարաշահումների փաստով։ Նախաքննությունը շարունակվում է։
Տարիներ շարունակ տասնյակ միլիոնավոր դրամների պարտքեր կուտակած բուժհիմնարկում եղել է նաև խոշոր պարգևավճարների ավանդույթ։ Տարեկան մի քանի անգամ վարչական մասի աշխատակիցների անուններով խոշոր գումարներ են դուրս գրվել, բայց դրանք երբեք բաժին չեն հասել վաստակաշատ բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ասում է Վահագն Մկրտչյանը․ - «Պարտաճանաչ շատ էդ պարգևավճարները տրվել են հիմնականում նույն մարդկանց։ Հիմա ստացել են, չեն ստացել, թե ստացել՝ հետ են տվել, դա իմ գործը չէ։ Ու դա ես չեմ համարում բարոյական, որ եթե հիմնարկն ունի նման ֆինանսական խնդիրներ և ահռելի մեծ պարտքեր, կոպիտ ասած՝ դրա ժամանակը չէ, էլի, պարգևավճարներ բաժանելու իրար մեջ»։
Վանաձորի բժշկական կենտրոնում պաշտոնեական դիրքն օգտագործելով գումարներ յուրացնելու և վատնելու հոդվածով քրեական գործ է հարուցված։ Դատախազությունից «Ազատությանը» հայտնեցին, որ գործը նախաքննության փուլում է։