Առջևում Փաշինյան-Ալիև հանդիպումն է, և Հայաստանի վարչապետը շարունակում է պնդել՝ Ստեփանակերտը պետք է մասնակցի ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններին:
Ի՞նչ է նշանակում Հայաստանի ղեկավարի այս մոտեցումը և ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ: «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդաշարի հյուրերն են քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը և «Սիվիլնեթ»-ի լրագրող Թաթուլ Հակոբյանը: Ստորև՝ հատված զրույցից․
Թաթուլ Հակոբյան․ - Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը իրավամբ փորձում է լուծում գտնել ղարաբաղյան հակամարտության համար, և քանի որ ուզում է լուծում, լուծում չի կարող լինել առանց հակամարտության հիմնական կողմերից մեկի մասնակցության:
Այսինքն, ի՞նչ է նշանակում երկկողմ բանակցություններ՝ հա, դու գնում ես բանակցում ես, հետո թուղթ ես ստորագրում, հետո տանում ես Ղարաբաղին դեմ ես տալիս՝ կներեք էս բառի համար, ասում են՝ «էս ա, դե, կա՛մ ասա ոչ, կա՛մ ասա այո»: Էնպես որ, շատ ճիշտ է Ղարաբաղի ներգրավումը բանակցություններում, որպեսզի Ղարաբաղը իր չափով ստանձնի պատասխանատվություն փաստաթղթի՝ ստորագրվելիք փաստաթղթի, և եթե իրավամբ լինի, գա խաղաղություն, այդ խաղաղության համար և ապագայի համար:
Բայց էստեղ մի վտանգ, այնուամենայնիվ, կա՝ դա այն է, որ եթե ադրբեջանական կողմը համաձայնի, որ Ղարաբաղը մասնակցում է, նա բերելու է, կրկին վկայակոչելով միջազգային փաստաթղթերը, փորձելու է ներգրավել նաև Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա 20-տոկոսանոց Շուշիի համայնքը: Եվ սա եղել է բանակցությունների պատմության մեջ ամենավիճելի պահերից մեկը 92-ից մինչև 97 թվականներին:
«Ազատություն»․ - Բայց այդ համայնքը ընտրում է Ադրբեջանում նախագահ և ընտրել է Իլհամ Ալիևին ներկայացուցիչ․․․
Հակոբյան․ - Ճիշտ է, այսինքն՝ ինչը Փաշինյանը նշել է տարբեր առիթներով:
«Ազատություն»․ -Իսկ Արցախում բնակվող հայերը չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին:
Հակոբյան․ - Համաձայն եմ:
«Ազատություն»․ - Հայաստանի ղեկավարը սա անում է նրա համար, որովհետև եթե, օրինակ, խոսք գնա փոխզիջումների մասին, փոխզիջող կողմը հայկական կողմից Ստեփանակերտն է՝ ոչ Երևանը, թե՞ սա անում է նրա համար, որովհետև նպատակ կա Ալիևին կանգնեցնել փակուղու առջև, Ալիևին ստիպել բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ, ինչից, փաստորեն, Ալիևը ցանկանում է հրաժարվել և այդպիսով ձգձգել բանակցությունները:
Հակոբ Բադալյան․ - Կարծում եմ՝ նպատակ կա Հայաստանը դուրս բերել փակուղուց՝ այն բանակցային բովանդակային փակուղուց, որը ստեղծված է Հայաստանի համար և որի պատճառն այն է, որ ռազմական հաղթանակի ձևավորած ստատուս քվոյից հետո բովանդակային առումով Հայաստանը սկսեց հեռանլ այդ ստատուս քվոյից: Այսինքն՝ Հայաստանը սկսեց իրավունք տալ Ադրբեջանին խոսել բացառապես տարածքների մասին, գործնականում բանակցությունը սկսեց Ադրբեջանի տարածքների հանդեպ իրավունք ճանաչելով, ինչից Բաքուն կառչեց և երկու տասնամյակ Բաքուն փաստացի խաղացել է դրա վրա:
Թվում է, թե եղել են պահեր, երբ Ադրբեջանը կարծես թե ստացել էր իր համար նպաստավոր փաստաթղթեր և ինչո՞ւ չի ստորագրել, օրինակ, Կազանի պլան կոչվածը, երբ տարածքների վերադարձ էր, բայց՝ առանց կարգավիճակի․ Սերժ Սարգսյանը ինքն է, չէ՞, խոստովանել այդ բովանդակությունը: Ինչո՞ւ Ադրբեջանը չի ստորագրել՝ որովհետ Ադրբեջանի համար այդ խնդիրը՝ իրավունքի խնդիրը, ամբողջի ռազմավարության վրա կառավարելու հնարավորություն է, և Ադրբեջանը անընդհատ փորձելու է օգտագործել էդ հնարավորությունը, իսկ Հայաստանը անընդհատ լինելու էր պաշտպանվողի դերում բանակցային գործընթացում: Մենք անընդհատ արդարացել ենք, մենք անընդհատ պաշտպանվել ենք, փորձել ենք շատ ավելի լավը երևալ, քան Ադրբեջանը, բայց դա որևէ քաղաքական միավոր Հայաստանին չի բերել: Մենք տեսել ենք:
Տեսեք, մենք հիմա խոսում ենք այն մասին, որ բարձրացնում ենք Արցախի մասնակցության հարցը և հարցեր ենք տալիս՝ իսկ ի՞նչ անել, եթե Ալիևը չընդունի: Իսկ Ալիևը չէր մտածում՝ «ի՞նչ անել, եթե հանկարծ Երևանի դուրը չգա, երբ ես Զանգեզուրի կամ Երևանի մասին եմ հայտարարում»: Այսինքն՝ նրանք ձևակերպել են իրենց խնդիրները, մենք մեր խնդիրները չձևակերպված ենք մասնակցում բանակցությանը:
Հիմա Հայաստանը փորձում է ձևակերպել իր խնդիրները և օրակարգը, դուրս գալ էդ փակուղուց, և դրա լավագույն ճանապարհը հենց հակամարտության էությանը վերադառնալն է, և ընդ որում՝ իրավապայմանագրային փաստարկներով, որոնք բերվում են:
Հաղորդումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․