Մատչելիության հղումներ

Փաշինյան․ ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելը բանակցային ձևաչափի վերականգնման առաջարկ է


Այսօր ավելի քան 4 ժամ տևած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկը ոչ թե ձևաչափի փոփոխության, այլ բանակցային ձևաչափի վերականգնման առաջարկ է, որը նորություն չէ ո'չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ոչ էլ ադրբեջանցի գործընկերների համար:

«Փորձելու ենք այս քննարկումը շարունակել փաստարկների դաշտում, որովհետև բանակցությունը բանակցություն է նրանով, որ մենք իրար լսում ենք: Այնտեղ, որտեղ մեր գործընկերները համարում են, որ մեր դիրքորոշումը կարող է գնահատվել չափից դուրս կարծր, մենք կարող ենք էդ դիրքորոշումը մեղմացնել: Բայց նույն ակնկալիքը մենք պետք է ունենանք նաև մեր գործընկերներից, որովհետև խոսակցություն հակառակ դեպքում տեղի չի ունենա», - նշեց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ միասին, հանդիպել է նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ տեղեկանալու բանակցությունների նախկին ընթացքից։ Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում նույն թեմայով ինքը կարող է հարցեր ուղղել նաև նախկին 3 նախագահներին։

Ասուլիսի ընթացքում Փաշինյանը խոսեց նաև հակամարտող ժողովուրդներին խաղաղության նախապատաստելու միջազգային հանրության այն կոչերի մասին, թե Հայաստանի վարչապետը պետք է աշխատի հայ հանրության, Ադբրբեջանի նախագահը՝ ադրբեջանական հանրության հետ․ - «Ես կարծում եմ, ինչպես Ստեփանակերտում ասացի, որ ես պետք է մասնակցություն ունենամ Ադրբեջանի հանրությանը խաղաղության նախապատրաստելու գործում, և Ադրբեջանի ղեկավարն էլ պետք է մասնակցություն ունենա հայ հանրությանը խաղաղությանը նախապատրաստելու գործում: Օրինակ, ինձ հետաքրքիր ա, Ադրբեջանի նախագահը Ղարաբաղի և Հայաստանի հանրությանը որևէ ասելու բան ունի՞, որ ուղիղ կարող ա նրանց հետ խոսալ: Ես, օրինակ, անկեղծ որ լինեմ, շատ բան ունեմ ասելու Ադրբեջանի հանրությանը, և շատ գոհ կլինեի, եթե էդպիսի հնարավորություն ստեղծվեր»:

Հայաստանի վարչապետը պատասխանեց նաև ներքաղաքական իրավիճակին վերաբերող բազմաթիվ հարցերի:

«Հաշվեհարդարի» և Մարտի 1-ի գործի մասին

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հաշվեհարդար է տեսնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ինչպես համարում է ինքը՝ Քոչարյանը․ - «Ընդհանուր խնդիրը այն է, որ մենք ունենանք էնպիսի դատարան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և՛ պայմանական ցանկացած քաղաքացու հարց քննարկվի իսկապես օբյեկտիվության, օրինականության շրջանակներում: Եվ որ մեր կառավարությունը և ես անձամբ հարյուր տոկոսով հավատարիմ եմ այդ քաղաքականությանը, էդտեղ որևէ կասկած, խնդրում եմ, որևէ մեկը չունենա: Հաշվեհարդարի հետ կապված՝ ընդհանրապես կարծում եմ, դա անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որը այդպիսին դարձել է սիրո, համերաշխության հեղափոխության միջոցով: Որովհետև եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, շատ կարճ, կոնկրետ հաշվեհարդարների և՛ հնարավորությունը կար, և՛ ժամանակը կար, և՛ համատեքստը կարող էր լինել»:

Մարտի 1-ի գործով նախաքննությունն ավարտվել է մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից սահմանդրական կարգը տապալելու կամ տապալելուն աջակցելու մասով: Իսկ ի՞նչ է հայտնի Փաշինյանին 10 սպանությունների բացահայտման գործընթացից․ - «Էն հայտարարությունների մակարդակով, որ արվել է քննչական մարմինների կողմից, մենք գործ ունենք հետևյալ փաստի հետ, որ Մարտի 1-ի պարկուճները փոխվել են: Այսինքն էն պարկուճները, որ հաջորդ օրը քննչական խմբի կողմից հայտնաբերվել են դեպքի վայրում, կրակված են եղել, էդ պարկուճները փոխվել են: Ինչո՞ւ են փոխվել պարկուճները: Որովհետև էդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, և հետևաբար էդ բոլոր մարդիկ, ովքեր նախաձեռնել են պարկուճների փոփոխությունը, պետք ա ներգրավվեն և իրենք պետք ա տան ցուցմունքներ»:

«Հայաստանում ներքաղաքական իրավիճակը երբեք ավելի կայուն չի եղել, քան այսօր», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ընդ որում, նրա խոսքով, տիրում է ոչ թե ռեպրեսիվ, այլ ժողովրդավարական կայունություն:

Լրատվամիջոցների ազատության մասին

Ըստ վարչապետի, կառավարության դեմ հակաքարոզչություն անելու համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում, սակայն կառավարությունը դրա դեմ ոչինչ չի ձեռնարկում․ - «Թույլ տվեք ասել, որ էն, որ փորձում են ասել, որ երկրում ինչ-որ․․․ գրում են, որ երկիրը անկայունության շրջանում ա, տուրբուլենտության․․․ հեսա էլի սկսվում ա ցիկլը՝ թեժ գարուն, թեժ ամառ, թեժ աշուն, հեսա տեսեք ինչ ա լինելու: Ոչ մի բան էլ չի լինելու: Մարդիկ կան, որ պետք ա հասկանան, որ իրանց գնացքը վաղուց գնացել ա, և եթե հետևից փորձեն «Ֆեռարի»-ով էլ հասնեն իրենց գնացքի, չեն կարող հասնել: Իրանց էջը փակված է: Միլիոնավոր դոլարներ էսօր ծախսվում են ամեն օր կառավարության դեմ սև հակաքարոզչություն անելու համար, և կառավարությունը ընդդեմ դրա ոչ մի գործողություն չի ձեռնարկում, որովհետև մեզ համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք ա»:

Կուսակիցների մասին

Հայաստանի կառավարության պաշտոնյաներից շատերը եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման ակունքում, մասնակցել քաղաքական թեժ պայքարին։ Հարցին, թե արդյոք վարչապետը կաշկանդված է իր թիմակից պաշտոնյաների հրաժեշտ տալ՝ եթե նրանցից ոմանք չեն արդարացնում իրենց այդ պաշտոններում, Փաշինյանը պատասխանեց․ - «Այսօր, եթե սխալվում եմ, ուղղեք, ըստ էության, ոչ մի ոլորտում մենք ձախողում չենք ունեցել: Երբ որ էդ պահին հասնի, էդ գիծը անցնի, ես ընդհանրապես ոչ մի կաշկանդվածություն չունեմ․․․ Այլ խնդիր ա՝ կա՞ն արդյոք ինչ-որ թերություններ, բացթողումներ: Այո, կան թերություններ և բացթողումներ բոլորիս գործողություններում: Իմ գործողություններում էլ կան թերություններ, բացթողումներ: Բայց ի՞նչ ա նշանակում․ ամեն բացթողումից հետո մենք պաշտոնյա ենք հանում գործից, նորին ենք նշանակում, որը գալիս ա, նստում, սենց դողում ա, ասում ա՝ վայ, հանկարծ բան չանեմ, էսօր սխալ հայացքով մեկին նայեմ, վերջ ․․․»:

Լրագրողներին նաև հետաքրքրում էր սոցիալական ցանցում ակտիվ քննարկված մի թեմա. ինչո՞ւ է Հայաստանի վարչապետի ընտանիքը նրա հետ մեկնել Ղարաբաղ անվտանգության խորհրդի նիստի օրերին, ինչո՞ւ է վարչապետի ընտանիքն օգտվել վարչապետի ծառայողական ուղղաթիռից։

Վարչապետի արձագանքը․ - «Այդ ուղղաթիռը, որը վարչապետի ծառայողական ուղղաթիռն է, ինքը ունի պարտադիր թռիչքային ժամեր: Ի՞նչ ա սա նշանակում: Սա նշանակում ա, էդ տեխնիկան որպեսզի ինքը չվերածվի մետաղի ջարդոնի, ինքը ունի պարտադիր թռիչքային ժամեր: Եվ եթե նույնիսկ վարչապետը չի նստում էդ ուղղաթիռը, էդ ուղղաթիռը պարտավոր ա ինքը դատարկ բարձրանալ, գնալ Ստեփանակերտով, Վարդենիսով պտտվել գալ: Որովհետև իրա տեխնիկական կանոնակարգերի մեջ պարտադիր թռիչքային ժամեր գոյություն ունեն, որովհետև եթե չթռչի, ինքը կդառնա մետաղի ջարդոն: Երբ որ ես զրոյից ստեղծելիս եմ եղել լրատվամիջոց, իմ ընտանիքը եղել ա իմ կողքին: Երբ որ իմ դեմ տեռոր էր իրականացվում քրեական և քրեածին, իմ ընտանիքը եղել ա իմ կողքին: Ակնկալիքն էն ա, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ»:

Մարտի 12-ին Անվտանգության խորհրդի նիսիտն մասնակցելու նպատակով Ղարաբաղ չէր մեկնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Սարգսյանը մարտի 11-ին ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու նիստին և չի մեկնել տեխնիկական պատճառներով:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչու են նախագահին վերջին պահին հրավիրել:

«Թե ինչ մենք պետք ա անենք, ինչպես, ինչ շրջանակում, ինչ ֆորմատով, դա որոշվել է միայն նախորդ օրը ուշ երեկոյան: Հիմա ես չեմ կարող բոլոր նրբությունները բացել, բայց էնտեղ կային բազմաթիվ հարցեր: Եվ էն ժամանակ, երբ որ հստակ որոշվել է, թե ինչ պետք ա տեղի ունենա, ցավոք սրտի, այո, էդպես ա եղել և այլ կերպ չէր կարող լինել՝ բազմաթիվ նրբությունները հաշվի առնելով: Եվ այդ ժամանակ ես ինքս վերցրել եմ հեռախոսը և զանգել եմ Արմեն Սարգսյանին և, ցավոք սրտի, ինձ չի հաջողվել կապ հաստատել չգիտեմ ինչ պատճառով: Եվ որից հետո ես Անվտանգության խորհրդի քարտուղարին եմ հանձնարարել: Բայց հետո, ճիշտն ասած, ես առիթ չեմ ունեցել քննարկելու, թե ինչ է պատահել, ինչու չեկավ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG