Ղազախստանի երկարամյա նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել, այս մասին հայտնում են ղազախական պաշտոնական աղբյուրները։
Մինչ այդ Նազարբաևը ցրել էր երկրի կառավարությունը՝ խոստանալով լուծումներ գտնել երկրի համար առաջնային մի շարք խնդիրների, մասնավորապես՝ «մարդկանց կյանքի որակը բարելավելու ուղղությամբ»:
Վերջին շաբաթներին Ղազախստանում բողոքի ցույցեր են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են պետությունից բարելավել ժողովրդի սոցիալական պայմանները: Այս ակցիաները մեկնարկել են Աստանայի ժամանակավոր կացարաններում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո, որի հետևանքով մահացել է հինգ մանկահասակ երեխա:
78-ամյա Նազարբաևը, որը երկիրը ղեկավարում է երեք տասնամյակ շարունակ, վերջին անգամ հնգամյա ժամկետով նախագահ է ընտրվել 2015 թվականին՝ ստանալով ձայների 97,7 տոկոսը: