Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը մտադիր է մասնակցել Զուգդիդիի քաղաքապետի ընտրություններին: Այս մասին հայտնում է «Ազատության» վրացական ծառայությունը՝ վկայակոչելով աղբյուրները նախկին իշխող կուսակցությունում:
Զուգդիդիի քաղաքապետի արտահերթ ընտրությունները նախատեսված են մայիսին: 2017 թվականին այդ պաշտոնում ընտրված՝ իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Լաշա Գոգիան անցած սեպտեմբերին հրաժարական է տվել, իսկ նոյեմբերին ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով:
Վրաստանի նախկին առաջին տիկինը մասնակցել է նաև 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին` իր թեկնածությունն առաջադրելով ամուսնու գլխավորած «Միացյալ ազգային շարժման» մեծամասնական ցուցակում: Առաջին փուլում ոչ նրան, ոչ էլ իշխող ուժի թեկնածուին չի հաջողվել ստանալ 50 տոկոսից ավելի քվե, իսկ երկրորդ փուլին Ռուլոֆսը հրաժարվել է մասնակցել՝ պնդելով, որ քվեարկությունն ուղեկցվել է կեղծիքներով: