Մատչելիության հղումներ

Կառավարությունը կաշկանդված չէ ցտեսություն ասելու ձախողված պաշտոնյաներին. Փաշինյան


Կառավարությունը կաշկանդված չէ ցտեսություն ասելու ձախողված պաշտոնյաներին, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միևնույն ժամանակ ընդգծելով՝ այսօր ոչ մի ոլորտում իրենք ձախողում չեն ունեցել։

«Ազատությունը»-ը, մասնավորապես, հետաքրքրվեց վարչապետից, թե արդյո՞ք կառավարությունն այսօր կաշկանդված չէ ցտեսություն ասելու այն պաշտոնյաներին, ովքեր իրենց հետ քայլել են հեղափոխության օրերին, եղել են առաջնագծում, բայց այսօր կա հանրային դժգոհություն, երբեմն տեսակետներ են հնչում, որ նրանք իրենց չեն արդարացնում։

«Իհարկե կաշկանդված չենք։ Բայց, երբ որ խոսում են դժգոհության մասին, օրինակ՝ ինձանից ամենամեծ դժգոհը ես եմ, չի կարող ինձից որևէ մեկն ավելի դժգոհ լինի, քան ես ինքս եմ ինձնից դժգոհ։ Բայց, երբ որ ասում են՝ «ձախողվել են», կարո՞ղ են ասել, թե ինչի՞ մեջ են ձախողվել։ Իմ արձանագրումն այն է, որ այսօր, ըստ էության, մենք ոչ մի ոլորտում ձախողում չենք ունեցել։ Այսօր մեր պետական կառավարման համակարգում չկա պաշտոնյա, որին ասենք՝ «գործդ ձախողել ես», ուրիշ բան, որ արագության-դանդաղության հետ կապված խնդիր կա։ Մենք միայն մի ոլորտում ենք ունեցել ձախողում, և դա հանրահայտ ձախողում էր։ Չկա այսօր մի պաշտոնյա, որին մենք ասենք՝ «դու քո գործը ձախողել ես», երբ որ էդ պահին հասնի, էդ գիծն անցնի, ես ընդհանրապես ոչ մի կաշկանդվածություն չունեմ, չեմ կարող, բացառված է, չի կարող այդպիսի բան լինել: Այլ խնդիր է՝ կա՞ն արդյոք ինչ-որ թերություններ, բացթողումներ․ այո՛, կան թերություներ և բացթողումներ բոլորիս գործողություններում, իմ գործողություններում էլ կան թերություններ, բացթողումներ», - հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը կարևորեց քննադատություններից դասեր քաղելը։

«Իմ առաջին մտածածը եղել է հետևյալը՝ որ այ ինքը, ես, պետական կառավարման համակարգը, որ էս արձագանքը, էս դասը ստացավ, էս դասից մեր հետևությունն ի՞նչ պետք է լինի, հիմա պետք է բոլորին ուղարկենք տո՞ւն, թե՞ կարող ենք մեր սխալները, բացթողումները և մեզ ուղղված քննադատություններն օգտագործել որպես դաս, որից մենք սովորում ենք և որի արդյունքում մեր աշխատանքի որակը բարձրանում է․ ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ», - ասաց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG