Մատչելիության հղումներ

Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահի և անդամների հետ


Թավշյա հեղափոխությունից հետո Բունդեսթագի պատգամավորների շրջանում մեծացել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչին նպաստել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան, այս մասին նշել է գերմանական կողմը Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է Ազգային ժողովի տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչությունը՝ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և սպասվող բարեփոխումների օրակարգը։

Զրույցի ընթացքում Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նշելով, որ Եվրոպական Միության հետ հարաբերությունների խորացման համատեքստում կարևոր դեր ունի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ երկրների կողմից, որը ապրիլի 4-ին երկրորդ ընթերցմամբ պիտի քննարկվի Գերմանիայի խորհրդարանում։

Պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հիմնախնդրին՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ստեղծված իրավիճակի առնչությամբ և վերահաստատելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու Հայաստանի դիրքորոշումը ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Խոսելով հակամարտության կարգավորման վեաբերյալ՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ընդգծել է Հարավային Կովկասում ժողովրդավարացման գործընթացների կարևորությունը՝ հույս հայտնելով, որ գերմանացի գործընկերները առավել ուշադիր կգտնվեն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դրսևորումների նկատմամբ։

Անդրադառնալով երկու երկրների տնտեսական հարաբերությունների խորացման հնարավորություններին՝ գերմանացի գործընկերներին ներկայացվել են Հայաստանում սպասվող տնտեսական բարեփոխումները, որոնք կբարձրացնեն մեր երկրի տնտեսական գրավչությունը։

Աշխատանքային ճաշից հետո Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG