Մատչելիության հղումներ

Ամուլսարի հանքավայրի փորձաքննության պատասխանից են կախված կառավարության հետագա քայլերը. Հայկ Գևորգյան


Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը օրերս հայտարարել է միջազգային արբիտրաժ դիմելու գործընթաց սկսելու մասին, քանի որ Հայաստանի կառավարության հետ ունի վեճ, ինչպես նշել են պաշտոնական հաղորդագրությունում՝ «Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման պատճառով»։

Դեպի հանքավայր տանող ճանապարհները բնապահպան ակտիվիստների, Ջերմուկ և Գնդեվազի բնակիչների կողմից փակ են անցյալ տարվա հունիսի 22-ից։

«Վերջերս արդեն սկսվել են Ամուլսարի հանքավայրի բնապահպանական անկախ փորձաքննության աշխատանքները, և դրա պատասխանից է կախված, թե ինչպիսին կլինի կառավարության հետագա քայլերը», - նշեց պատգամավոր Հայկ Գևորգյանը («Իմ քայլը»)։

Նրա խոսքով, «Լիդիան»-ի հետ կապված ճգնաժամը նաև իրենց հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է։ Կառավարությունն առայժմ ոչինչ չի ձեռնարկելու, մինչև չստանա միջազգային հավատարմագրված ու վստահելի ընկերության փորձաքննության արդյունքները, որի իրականացման համար պետբյուջեից տրամադրվել է ավելի քան 390 հազար դոլար։

«Մինչ այդ փորձաքննությունը կային երկու իրար դիամետրալ հակառակ փորձաքննություններ։ Մի փորձաքննության համաձայն՝ Ամուլսարի շահագործումը բացարձակ անվտանգ է, մյուս փորձաքննությունների համաձայն՝ վտանգավոր է: Այդ իսկ պատճառով, հարցի վերջնական, ամբողջական պատասխան ստանալու համար կառավարությունը գնաց բավական թանկարժեք քայլի: Դա ահագին գումար արժի՝ լրիվ անկախ փորձաքննություն նշանակելու մասին», - ասաց Գևորգյանը։

Գործող պայմանագրերից մեկով միջազգային արբիտրաժ ընկերությունը կարող է դիմել պաշտոնական ծանուցումից երեք ամիս անց, իսկ մյուս պայամանագրով՝ պաշտոնական ծանուցումից վեց ամիս անց։ Ըստ Հայկ Գևորգյանի, հունիսի սկզբին արդեն հիդրոերկրաբանական հետազոտության արդյունքները կառավարությունը ստացած կլինի, ինչից հետո առաջ շարժվելու երկու տարբերակ կունենան։

Եթե փորձաքննությունը պարզի, որ հանքի շահագործումն անվնաս է շրջակա միջավայրի համար, ինչպես նշում է Գևորգյանը, ապա պետությունը կապահովի պայմաններ, որպեսզի հանքի՝ կանգ առած շահագործումը շարունակվի․ - «Եթե դատական գործընթացները գնան այնպես, որ Հայաստանը ստիպված լինի վճարել ներդրողին, դա մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է գնում խոսքը, որը Հայաստանի համար շատ ծանր բեռ կլինի: Բայց մյուս կողմից, եթե փորձաքննությունը ասի, որ դա վտանգավոր է, էստեղ մարդկանց առողջության խնդիրն է, որ ավելի թանկ է, այսպես եթե ձևակերպենք: Էնպես որ՝ փորձաքննության արդյունքներից կախված կլինի»։

«Ազատության» հարցին՝ իսկ ի՞նչ կանի «Լիդիան» ընկերությունը, եթե փորձաքննությունը պարզի, որ նախկին կառավարությունից լիցենզիան ստացել է որոշակի կեղծիքների գնալով, և իրականում Ամուլսարի շահագործումը կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին, Գևորգյանը պատասխանեց. - «Էդ ժամանակ ես չեմ կարծում, որ «Լիդիան»-ը կշարունակի դատական պրոցեսները, որովհետև համաշխարհային հանրությունն էլ, դատարաններն էլ չեն գնա մի քայլի, որ մարդկանց առողջությանը վնաս հասցնող հանքը պետք է շահագործվի»։

Ընկերությունից հայտնում են, որ սկսել են իրավական գործընթաց և այլևս մեկնաբանություններով հանդես չեն գալու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG